Նալբանդյանը Բաքվին հիշեցնում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում։ Նա խոսել է ղարաբաղյան կարգավորման մասին՝ անդրադառնալով օրերս Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ կրկնելով Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության այն միտքը, թե հանդիպումն անցել է «կառուցողկան մթնոլորտում»։ Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանին հիշեցրել է նաև, որ հրաժարվում է կատարել 2016թ․ մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներում կայացրած պայմանավորվածությունները՝ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ։ Ժնևյան հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում, ի դեպ, որևէ հղում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին չի եղել։

«Շուրջ տասնվեց ամիս ընդիմջումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հմուտ միջնորդությամբ հնարավոր եղավ կազմակերպել նախագահների հանդիպումը, որը ինքնին կարելի է դրական գնահատել: Մոտ չորս տարվա ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և համանախագահների մասնակցությամբ: Ինչպես գիտեք, նախկինում Հայաստանը բազմիցս իր պատրաստակամությունն էր հայտնել միանալու համանախագահների հայտարարություններին, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

Ինչ վերաբերում է Բաքվի այն մեղադրանքներին, թե հայկական կողմը «ոտնահարել է կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունն առ այն, որ նրանք ժնևյան հանդիպմանը հղում կատարելիս պետք է սահմանափակվեն միայն համատեղ հայտարարության դրույթներով», ապա, Նալբանդյանի խոսքով, «հայկական կողմն ամբողջապես հարգում է համաձայնությունը»։

«Անկարելի է Հայաստանին արգելել վերահաստատել հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ իր դիրքորոշումը։ Առաջին անգամ չէ, որ իր շահարկումների համար Ադրբեջանը նման էժանագին ու խղճուկ հնարքներ է գործի դնում։ Ակնհայտորեն Բաքուն կնախընտրեր, որ բոլորը մոռանային ու չխոսեին իր ապակառուցողական մոտեցումների մասին»,- նշել է նախարարը։

Նրա պնդմամբ՝ «Բաքուն կնախընտրեր, որ բոլորը մոռանային ու չխոսեին իր ապակառուցողական մոտեցումների մասին»։

«Առաջին՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, ինչի հետևանքով խաղաղ գործընթացին հասցված վնասը դեռևս չի հաղթահարվել:

Երկրորդ՝ Բաքուն հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Երրորդ՝ Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են համանախագահ երկրների կողմից որպես կարգավորման հիմք: Մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն:

Չորրորդ՝ չնայած համանախագահների բազմաթիվ կոչերին՝ հարգելու 1994-95թթ. համաձայնագրերը, Բաքուն շարունակում է խախտել հրադադարը»,- ասել է Նալբանդյանը:

***

Հոկտեմբերի 16-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքներով ԱԳ նախարարներն ու միջնորդները հայտարարություն են տարածել։ Դրանում, մասնավորապես, նշված է, որ հանդիպումը անցել է «կառուցողական մթնոլորտում»։

«Նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել աշխուժացնելու բանակցային գործընթացը և հավելյալ քայլեր նախաձեռնել թուլացնելու լարվածությունը շփման գծում»,- նշված է հայտարարությունում։

Ժնևում Ալիևի հետ հանդիպումից հետո Հայաստանի դեսպանությունում շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք:

Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո Բաքուն նրան մեղադրեց հանդիպման մանրամասներ չհրապարակելու պայմանավորվածությունն ու խոստումը խախտելու մեջ։

Մեկնաբանել