Ի հեճուկս լվացքատան․ EBRD-ն $500 մլն վարկ է տրամադրում Ադրբեջանին

Չնայած «Ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալին և Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակին՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) խոշոր՝ 500 միլիոն դոլար ֆինանսավորում է տրամադրում նավթագազային ծրագրին այդ երկրում։ Թեմային Eurasianet.org կայքում անդրադարձել է հոդվածագիր Դեյվիդ Օբըրնy (David O’Byrne):

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհուրդը հոկտեմբերի 18-ին հաստատել է 500 մլն դոլարի ֆինանսավորումը Ադրբեջանի կողմից ղեկավարվող TANAP գազատարի համար, որի միջոցով Կասպյան ավազանի բնական գազը նախատեսվում է մատակարարել Արևմտյան Եվրոպա: Որոշումը անմիջապես քննադատության ենթարկվեց դիտորդական խմբերի կողմից, որոնք մեղադրեցին բանկին` «բազմակուսակցական ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնարար սկզբունքների նկատմամբ» անհարգալից վերաբերմունքի համար:

Բանկը տարածած մամլո հաղորդագրության մեջ հասատել է, որ 500 միլիոն դոլարի հատկացումը կկատարվի սեփական միջոցներից, սակայն չի հիշատակել մինչև 1 միլիարդ դոլարի սինդիկացված վարկի մասին, որի տրամադրումը այն նախատեսում էր կազմակերպել: Որոշումն ընդունվեց, չնայած այս տարվա սկզբին Ադրբեջանի՝ նավթի և գազի մոնիթորինգի միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշմանը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված կոռուպցիայի նոր մեղադրանքներին։

Դիտորդական խմբերի ներկայացուցիչները պնդում էին, որ վարկի տրամադրմամբ՝ բանկը սխալ ազդանշան է ուղարկում։ «Մենք ցավում ենք, որ կայուն զարգացումը և հասարակ մարդկանց ազատությունն ավելի քիչ է արժեվորվում, քան այն, որ լրացուցիչ էներգակիրների արդյունահանումից և Եվրոպա մատակարարումից շահելու են որոշ խոշոր կորպորացիաներ ևբռնապետական կառավարություններ»,- ասել է CEE Bankwatch Network-ի https://bankwatch.org/about/who-we-are ներկայացուցիչ Աննա Ռոգենբակը: (CEE Bankwatch Network-ը Պրահայում տեղակայված կազմակերպություն է, որը մոնիթորինգ է իրականացնում հանրային մեծ նախագծերի վրա – խմբ․)։

Բաքվի վերջնական նպատակը Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակը խլացնելն ու մասնավորապես՝ Հարավային գազային միջանցքի՝ Կասպյան գազը Եվրոպա առաքելու ավելի մեծ ծրագրի կառուցմանը նպաստելն է (որի մաս է հանդիսանում TANAP-ը), ինչը այլընտրանք կլինի ռուսական գազին։

«Ադրբեջանական լվացքատուն» անունը կրող հետաքննությունը ցույց է տվել, որ ՎԶԵԲ-ի վարչության անդամներից Կալին Միտրևն առնվազն 425 հազար եվրո է ստացել ադրբեջանական մի ընկերության կողմից։

Միտրևը հերքել է, որ որևէ խախտում է թույլ տվել և վստահեցրել, որ վճարումները խորհրդատվական աշխատանքների համար օրինական վճարներ են եղել: Այնուամենայնիվ, Միտրևի կապը Ադրբեջանի կառավարության հետ չի սահմանափակվում խորհրդատվությամբ: Նրա կինը՝ բուլղարացի քաղաքական գործիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան միանգամայն հակասականորեն կազմակերպության բարձրագույն պարգևին արժանացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջը` Մեհրիբան Ալիևային:

Ինչ վերաբերում է Հարավային գազային միջանցքին, ապա Եվրահանձնաժողովը շարունակում է հավատարիմ մնալ այդ ծրագրին, առնվազն՝ հրապարակայնորեն:

«Եվրամիության նպատակը չի փոխվել»,- ասել է Եվրահանձնաժողովը EurasiaNet.org-ին: «Եվրամիությունը հավատարիմ է և աջակցում է Հարավային գազային միջանցքին և այն դերին, որ վերջինս խաղում է ԵՄ ռազմավարությունում` մեր էներգակիրների մատակարարման աղբյուրների և տրանսպորտային երթուղիների բազմազանեցման գործում, ինչպես նաև Ադրբեջանի կարևորագույն դերին՝ որպես այս մեծ նախագծի մասնակից»:

Հանձնաժողովը նշում է, որ Ադրբեջանն արդեն բավարարում է Եվրոպայի հում նավթի պահանջարկի շուրջ 5 տոկոսը, և Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ շարունակվում են Կասպից ծովում գազատարի ստեղծման շուրջ բանակցությունները, ինչը թույլ կտա թուրքմենական գազը Եվրոպա ներկրել Ադրբեջանով։

Ինչ վերաբերում է գազին, ապա Ադրբեջանի և նրա Կասպյան հարևանների ձեռքում հաղթաթուղթ կա. նրանք Ռուսաստան չեն: Հարավային գազային միջանցքի ողջ իմաստը ռուսական մասնաբաժինը Եվրոպայում նվազեցնելն է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դա շատ լավ է գիտակցում: Այս շաբաթ, հանդիպելով Եվրամիության Խորհրդի քաղաքական և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ, նա ասել է. «Եվրոպայի բնական գազի պահանջարկը կաճի, և Ադրբեջանը Եվրոպայի համար էներգիայի միակ նոր աղբյուրն է: Մենք սերտորեն համագործակցում ենք Եվրահանձնաժողովի հետ»։

Առաջին փուլի ավարտը և գազի առաջին առաքումը Թուրքիա սպասվում է հաջորդ տարվա կեսերին, իսկ երկրորդ փուլի ավարտն ու տարանցիկ գազի փոխադրումը դեպի Եվրոպա՝ 2020թ.։

Քիչ հավանական է, որ առաջիկայում ակնկալվող ներդրումները նույնպես լուրջ ազդեցության տակ կընկնեն։ «Լվացքատան» բացահայտումներից ընդամենը մեկ օր անց British Petroleum-ը և նրա միջազգային յոթ գործընկերները ստորագրեցին համաձայնագիր՝ մինչև 2050թ. Ազերի-Չիրագ – Գյունեշլի նավթի և գազի հանքավայրի վերաբերյալ, ինչը ցույց է տալիս, որ սովորական բիզնես է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում նավթի ու գազի արդյունահանման ներդրումներին։

Ոչ պակաս կարևոր էր թերևս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի շնորհավորական նամակը Ալիևին այդ համաձայնագրի առթիվ, ինչը ենթադրում է, որ (դեռևս) Եվրամիության անդամ որոշ երկրներ «լվացքատան» մեղադրանքները շատ լուրջ չեն ընդունել:

Սակայն Եվրոպայից հետագա փուլերում ֆինանսավորում ստանալը կախված կլինի ոչ թե Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներից, այլ շուկայական իրողություններից: «1990-ականների վերջին, երբ ԵՄ-ն ծրագրում էր գազային միջանցքը, այն համարվում էր Կասպյան, իրաքյան և իրանական գազը Արևելյան Եվրոպա ներմուծելու ուղի՝ որպես մրցակից ռուսական գազին»,- ասել է Natural Gas World ամսագրի գլխավոր խմբագիր Ուիլյամ Փաուելը։

Այնուամենայնիվ, այդ պատկերը 20 տարի անց փոխվել է: «Եվրոպայում գազի պահանջարկի նվազման, Բալկաններում նոր փոխկապակցված կառույցի ստեղծման ու հեղուկ բնական գազի աճող ծավալների արդյունքում նվազել են գները, մեծացել մրցակցությունը՝ նվազեցնելով մենաշնորհային ռիսկը: Այսպիսով, 2020թ․ պատկերը շատ կտարբերվի նույնիսկ մեկ տասնամյակ առաջ նախատեսվածից»,- ասել է Փաուելը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել