Արցախում զինվոր է զոհվել՝ Տիգրան Արմենի Խաչատրյանը

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

Ժնևում հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո սա առաջին սահմանային միջադեպն է։ Ժնևի հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը համատեղ հայտարարություն էին տարածել, որում նշվում էր երկու կողմերի՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու պատրաստակամության մասին։

Հինգշաբթի ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայ զինվորի զհովելու վերաբերյալ հայտարարել է, թե դա «կրակոց էր ժնևյան պայմանավորվածությունների ուղղությամբ»։