FAST հիմնադրամը և հայաստանյան կրթական հաստատությունները հուշագրեր են ստորագրել

Երևանում ընթանում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) առաջին գիտաժողովը։ Եռօրյա գիտաժողովը կազմակերպել է FAST հիմնադրամը՝ ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation – NSF) հետ համատեղ։ Հինգշաբթի երեկոյան գիտաժողովի շրջանակում գալա ընթրիքի ժամանակ հուշագրեր են ստորագրվել FAST հիմնադրամի և հայաստանյան մի շարք կրթական հաստատությունների միջև։

Այն համախմբել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար ազգությամբ հայ գիտնականների ու հետազոտողների՝ հեղինակավոր համալսարաններից և ընկերություններից։

FAST-ի համահիմնադիր Նուբար ԱֆեյանըFAST hիմնադրամի համահիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից, Հայր Մեսրոպ Արամյանը՝ «Այբ» և «Լույս» հիմնադրամների կողմից, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում ձեռնարկատեր Արթուր Ալավերդյանը: FAST-ը մտադիր է համախմբել Հայաստանի, հայկական աշխարհի ու միջազգային համայնքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները:

Հինգշաբթի գիտաժողովի մասնակիցներին ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա նշել է, որ կառավարությունը մեծ հույսեր է կապում տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գիտության ոլորտների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող նման կարևոր քայլերի հետ․ «Մենք կարծում ենք, որ ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու հնարավորություն ունենք: Ոչ միայն պատրաստ ենք, այլև մեր ողջ ներուժով կանենք հնարավոր ամեն ինչ՝ համագործակցությունը զարգացնելու և առաջընթաց արձանագրելու համար» ։

NSF-FAST աշխատաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները շնորհակալություն են հայտնել Կարեն Կարապետյանին՝ համագործակցության և աջակցության պատրաստակամության համար ու նշել, որ Հայաստանն ունի անհրաժեշտ ներուժ՝ աշխարհում տեխնոլոգիապես առաջատար դիրք զբաղեցնելու, աճ ու զարգացում արձանագրելու համար: Նրանք գոհունակություն են հայտնել այսօր աշխատաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների ընթացքի և արդյունքների կապակցությամբ, որոնք բավական արդյունավետ են եղել՝ կապեր հաստատելու և ոլորտի զարգացման հնարավորությունները քննարկելու առումով:

Նաիրա Հովակիմյանը և Դավիդ Յանը։«Մենք՝ պաշտոնյաներս, թարմ որոշումներ կայացնելու, թարմ հայացքով ամեն ինչին նայելու խնդիր ունենք, և շատ կարևոր է, որ ի դեմս FAST հիմնադրամի, այս միջավայրը մեզ համար մշտապես առաջ մղող ուժ, անկախ դիտորդ լինի: Մենք բաց ենք և պատրաստ մաքսիմալ արձագանքել ձեր կողմից բարձրացվող հարցադրումներին, որովհետև եթե այս անգամ էլ բաց թողնենք այն նոր հնարավորությունը, որը երկրներին տրվում է արագ փոփոխություններ անելու համար, կարող ենք կորցնել հնարավորությունը: Այդ իսկ պատճառով, եթե կա մի հարթակ, որտեղ գեներացվում են գաղափարները, և պաշտոնյաներից պետք է աջակցություն, մենք պատրաստ ենք դա անել», – ասել է վարչապետը:

Հանդիպմանը քննարկվել են տեխնոլոգիաներ-կրթություն-գիտություն կապի ապահովմանը և արդյունավետ շղթայի ձևավորմանը, այդ համատեքստում Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացմանը, առկա ներուժի լիարժեք իրացմանը, Հայաստանի թվային օրակարգի իրագործմանը, տեխնոլոգիական կրթության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և պայմանների ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Հինգշաբթի երեկոյան գիտաժողովի շրջանակում տեղի է ունեցել գալա ընթրիք, որն մասնակցել են ՀՀ նախագահը և վարչաեպտը։ Ընթրիքի ընթացքում ստորագրվել են մի շարք հուշագրեր FAST հիմնադրամի և մի շարք կրթական հաստատությունների միջև՝ ուղղված գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը։

Գալա ընթրիքին ներկա են եղել նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի շրջանակներում ձևավորվող «Հաջորդ սերնդի» նորընտիր խորհրդի 15 անդամները: Խորհուրդը միավորելու է գիտելիքներով և համապատասխան հմտություններով զինված երիտասարդ տաղանդավոր գիտնականներին և տեխնոլոգիաների գծով մասնագետներին ողջ աշխարհից` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գալա ընթրիքին իր ելույթում ասել է, որ «FAST-ը մեզ ցույց է տալիս այն ուղին, որով Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, սփյուռքի կառույցները և բոլոր շահագրգիռ անհատները պետք է քայլեն նոր և ինտելեկտուալ Հայաստանի տեսլականը իրագործելու համար»։

Մեկնաբանել