Հանրաքվե Վենետիկում և Լոմբարդիայում․ ի՞նչ են ուզում նրանք Իտալիայից

Հոկտեմբերի 22 -ին Իտալիայի հյուսիսում Վենետիկը և Լոմբարդիան հանրաքվե կանցկացնեն՝ Հռոմից ավելի մեծ ինքնավարություն ձեռք բերելու համար։ BBC– ի ռուսական ծառայությունը ուսումնասիրել է, թե ինչ են ուզում իտալական անջատողականները։

Իտալիայից անջատվելու մասին դեռ խոսք չկա։ Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Վենետիկում (ինքը՝ Վենետոյի տարածաշրջանը) և Լոմբարդիայում իշխանության գլուխ կանգնած են «Հյուսիսային Լիգայի» ներկայացուցիչները:

Սա աջական կուսակցություն է, որը 1990-ականների կեսերին հանդես էր գալիս Իտալիայի հյուսիսային շրջանների՝ երկրից անջատվելու և Միլան մայրաքաղաքով Պադանիա անկախ պետության ստեղծման օգտին: Այժմ կուսակցությունը մեղմացրել է հռետորաբանությունը և պնդում է, որ Իտալիայի դառնա դաշնային պետություն:

«Հյուսիսային Լիգան» աջակցում է Իսպանիայից Կատալոնիայի անկախանալուն:

Երբ հանրաքվեն դեռ նախապատրաստական փուլում էր, Վենետիկի իշխանությունները ցանկանում էին հարցն այնպես ձևակերպել, որ խոսք չլինի ոչ միայն ինքնավարության, այլև տարածաշրջանի հնարավոր անկախության մասին:

Սակայն երկրի սահմանադրական դատարանը նման քվեարկությունը անթույլատրելի կհամարեր:

Քաղաքական գործիչները որոշել են ավելի խորամանկ լինել և հանրաքվեն ինքնավարության հարցով հայտարարել: Իտալիայի Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ մարզերը կարող են Հռոմից պահանջել ավելի մեծ ինքնավարություն: Հետևաբար, քվեարկությունը օրինական է:

Ինչ են ուզում

Առաջին հերթին՝ նրանք ուզում են ավելի մեծ ֆինանսական անկախություն: Երկու մարզերը ցանկանում են իրենց եկամուտների մեծ մասը իրենց թողնել, այլ ոչ թե հարկերի տեսքով Հռոմ ուղարկել:

Վենետիկը և Լոմբարդիան Իտալիայի ամենահարուստ շրջաններն են: Միասին նրանք արտադրում են երկրի ՀՆԱ-ի մեկ երրորդը:

Լոմբարդիայի նահանգապետ Ռոբերտո Մարոնին հայտարարել է, որ կներկայացնի նաև սահմանադրության մեջ փոփոխությունների առաջարկ` անվտանգության և ներգաղթի ոլորտում ավելի մեծ ինքնավարություն ձեռք բերելու համար:

Վենետիկի և Լոմբարդիայի հանրաքվեն կկրի խորհրդատվական բնույթ (այսինքն, դրանց արդյունքները երկրի կառավարությանը ոչնչի չեն պարտադրում):

Այնուամենայնիվ, Հռոմի համար դժվար կլինի հաշվի չառնել երկու տնտեսապես ուժեղ տարածաշրջանների 15 միլիոն բնակչության կարծիքը:

Ինչու է Վենետիկը դժգոհ զբոսաշրջիկներից

«Սա զբոսաշրջություն չէ, սա ներխուժում է»,- տխուր ծիծաղում է գոնդոլայի նավավարներից մեկը, երբ հսկայական տուրիստական նավը մտնում է Վենետիկի ծովածոց:

Այնուամենայնիվ, մեծ նավերի հետ տեղի բնակիչների պայքարը դեռ արդյունքներ չի տվել, քանի որ ուղևորատար նավերը ոչ միայն վնաս են հասցնում քաղաքին, այլև փող են բերում։

Ամեն օր Վենետիկ է այցելում 75 հազար մարդ։ Սա ավելին է, քան քաղաքի բնակչությունը (50 հազար մարդ): Տարեկան ցուցանիշները ավելի տպավորիչ են: Ամեն տարի ավելի քան 25 միլիոն զբոսաշրջիկ է գալիս իտալական մարգարիտը տեսնելու համար:

Նրանցից ոմանք իրենց վատ են պահում՝ կամուրջներից նետվում են ջրանցքներ, հին տների պատերին գրաֆիտի նկարում։ Քաղաքապետարանը դժվարությամբ է լուծում պիկնիկի սիրահար տուրիստների՝ վենետիկյան ջրանցքներում տոննաներով թողած աղբի մաքրման հարցը:

Քաղաքում փակվում են տեղաբնիկներին այնքան անհրաժեշտ իրավաբանական գրասենյակները, բուժհաստատությունները և սովորական մթերային խանութները: Նրանց տեղում աճում են հյուրանոցները:

Արդյունքում տեղացիները, հատկապես երիտասարդները, տեղափոխվում են «մայրցամաք»: Վենետիկի բնակչությունը արագորեն ծերանում է:

Վենետիկի փողոցները հեղեղվել են հայտնի ապրանքանիշերի խանութներով, ցանցային սրճարաններով և Չինաստանում պատրաստված էժան հուշանվերներ վաճառող խանութներով: Սերնդեսերունդ եկող վենետիկյան վարպետներն իրենց եզակի, բայց ոչ էժան արտադրանքով հայտնվում են դրսում։

Որտեղից վերցնել գումար

Ընդ որում, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, Վենետիկի քաղաքապետարանը հայտնվել է սնանկության եզրին: Շահույթը հազիվ է բավարարում զբոսաշրջիկների հսկայական հոսքերի սպասարկման ծախսերի` աղբահանության, տրանսպորտային ենթակառուցվածքների վերանորոգման, սոցիալական ծառայությունների համար:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեղադրում է տեղական իշխանություններին, որ վերջիններս չեն կարողանում այնպիսի քաղաքականություն մշակել, որը թույլ կտար օգտագործել զբոսաշրջության հսկայական դրամական հոսքերի մի մասը։

Եթե զանգվածային զբոսաշրջության խնդիրը չլուծվի, Վենետիկը կարող է ընդգրկվել Համաշխարհային ժառանգության վտանգի տակ գտնվող օբյեկտների ցանկում:

Սովորաբար այդ ցանկում ներառում են պատերազմական գոտում գտնվող քաղաքները:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել