Նախօրեին մահացած երկու զինվորներից մեկը ինքնասպանություն էր գործել․ Քննչական կոմիտե

Նախօրեին Արցախում մահացած երկու զինվորներից մեկը ինքնասպանություն էր գործել, հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Հոկտեմբերի 20-ին ԼՂ Պաշտպանության բանակը հաղորդել էր ՊԲ երկու զինծառայողների մահվան մասին՝ 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանի:

Քննչական կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

«Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 17։20-ի սահմաններում՝ գլխի ճակատային շրջանում։

Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում ականատես վկաներ։ Զինծառայող Հ.Ավետիսյանը զինակիցների կողմից անմիջապես տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալ, սակայն ճանապարհին մահացել է:

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքից օրեր առաջ զինծառայողի հետ վիճաբանել և բռնություն է կիրառել նույն զորամասի մեկ այլ զինծառայող։

Ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային։ Նախաքննությունը շարունակվում է»:

Մեկնաբանել