Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի քաղաքապետ

Վրաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ժողովրդավարական աշխարհի մաս է և եվրոպական ընտանիքի անդամ․ երեկ մամուլի ասուլիսին հայտարարել է իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Կախա Կալաձեն, որը հաղթել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում։

Կալաձեի խոսքով՝ իր համար «մեծ պատիվ է և պատասխանատվություն» դառնալ Թբիլիսիի քաղաքապետ։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ քաղաքապետի ընտրություններում Կալաձեն հավաքել է ձայների 51,06 տոկոսը։ Երկրորդ տեղում անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին է՝ 17,46 տոկոս, երրորդ տեղում «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Զաալ Ուդումաշվիլին` 16,53 տոկոսով:

«Մենք կսկսենք զբաղվել Թբիլիսիի խնդիրներով և կյանքի կոչել ծրագիրը, որը հրապարակել ենք։ Թբիլիսիի յուրաքանչյուր քաղաքացի շուտով կզգա մեր աշխատանքի դրական արդյունքները, և ես վստահ եմ, որ շատ շուտով մեր սիրելի քաղաքը կանցնի զարգացման նոր փուլ»,- հայտարարել է Կալաձեն։

Կախա Կալաձեն խաղացել է «Դինամո», «Միլան» և «Ջենոա» ֆուտբոլային ակումբներում՝ պաշտպանի դիրքերում։ Նա Իտալիայի գավաթի գավաթակիր է, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում։ Վրաստանում նրան հինգ անգամ ճանաչել են տարվա ֆուտբոլիստ։

2012թ․ մայիսին Կալաձեն հայտարարել է մարզական կարիերան դադարեցնելու մասին, մտել «Վրացական երազանք» կուսակցության մեջ։ Նույն թվականի հոկտեմբերին նա նշանակվել է Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար։

Կիրակի օրը Վրաստանի քաղաքացիները ընտրել են 64 քաղաքային խորհուրդների 2,058 անդամի և 64 քաղաքապետի։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 21-ին Վրաստանի ողջ տարածքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում է Aliq Media կայքը։

Մեկնաբանել