Իտալիա․ Լոմբարդիան և Վենետոն քվեարկեցին ինքնավարության ընդլայնման օգտին

Իտալիայի ամենահարուստ շրջանների` Լոմբարդիայի և Վենետոյի բնակիչները խորհրդանշական բնույթ կրող հանրաքվեում քվեարկեցին իրենց ինքնավարության ընդլայնման օգտին, հաղորդում է BBC-ն։

Հանրաքվեի արդյունքները Հռոմի կենտրոնական կառավարության համար իրավաբանական պարտադիր ուժ չունեն: Լոմբարդիայում մասնակցությունը կազմել է 40 տոկոս, Վենետոյում` 57 տոկոս: Տեղական իշխանությունների համաձայն, մասնակիցների ավելի քան 90 տոկոսը հանդես է եկել է ավելի մեծ ինքնավարության օգտին:

Լոմբարդիան, որը ներառում է Իտալիայի ֆինանսական մայրաքաղաք Միլանը, և Վենետո նահանգը՝ մայրաքաղաք Վենետիկով, երկրի տնտեսապես ամենաարդյունավետ շրջաններն են: Նրանց մասնաբաժինը Իտալիայի ՀՆԱ-ում կազմում է 30 տոկոս:

Շրջանների հիմնական դժգոհություններից մեկն այն է, որ իրենք Հռոմին ավելի շատ հարկեր են վճարում, քան ստանում են բյուջեից: Որպես հետևանք՝ նրանք ցանկանում են առնվազն երկու անգամ կրճատել Հռոմին կատարվող իրենց վճարումները:

Լոմբարդիան վճարում է 54 մլրդ եվրոյով (64 մլրդ դոլար) ավելի, քան ստանում է, իսկ Վենետոն` 15,5 մլրդ եվրոյով (18,2 մլրդ դոլար) ավելի:

Հռոմի կենտրոնական իշխանությունը դժգոհությամբ է արձագանքել քվեարկությանը` նշելով, որ դրա կարիքը չկա, թեև այն թույլատրվում է իտալական սահմանադրությամբ:

Ոմանք մտավախություն ունեն, որ հանրաքվեն միայն կխորացնի Իտալիայի հարավի և հյուսիսի միջև առանց այն էլ բարդ հարաբերությունները:

Կարդացեք՝ Հանրաքվե Վենետիկում և Լոմբարդիայում․ ի՞նչ են ուզում նրանք Իտալիայից։

Մեկնաբանել