ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է ներկայացվել «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ըստ tert.am-ի, հարցրել է զորակոչի փոփոխություններից՝ հիշեցնելով, որ նոր օրենքի շրջանակներում համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու՝ մասնավորապես զինվորական կոմիսարիատներում, որոնք Գլխավոր շտաբից փոխանցվելու են Պաշտպանության նախարարությանը:
ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը պարզաբանել է, որ զորակոչի փոխանցումը Գլխավոր շտաբից ՊՆ-ին «արտացոլում է լայն մոտեցում»:
«Առ այն, որ քաղաքացին մինչև երդում ընդունելը, զորակոչվելը քաղաքացիական է, և իր հետ հարաբերությունները հիմնականում կազմակերպվում են քաղաքացիական մարմին հանդիսացող ՊՆ-ի կողմից: Դա իրոք ենթադրում է Զինկոմիսարիատների համակարգի փոխանցում Գլխավոր շտաբից ՊՆ-ին խաղաղ ժամանակ և դրա հնարավոր կարգավորումը պատերազմի ժամանակ»,- ասել է նա:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ այս պահին պատրաստ է Զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, որը ենթադրում է զինկոմիսարիատների թվի կտրուկ կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում։