Այսօր ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի ներգաղթյալներ բնակվում են իրենց երկրից դուրս, որից ավելի քան 760,000-ը՝ Ռուսաստանում: Մոտ 5 հազար ադրբեջանցիներ ռուսական անձնագրեր են ստացել միայն այս տարվա առաջին կիսամյակում: Թեմային BBC-ի ռուսական ծառայությունում անդրադարձել է ադրբեջանցի լրագրող Մագերամ Զեյնալովը։
Գործազրկությունը, կայունության և անվտանգության պակասը ստիպում են նրանց հեռանալ հայրենիքից: Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը խոսում է դրական միգրացիայի մասին, սակայն փորձագետներն այդ թվերին թերահավատությամբ են վերաբերվում և զգուշացնում են երկրից որակյալ կադրերի արտահոսքի մասին։
Պաշտոնապես՝ դրական թիվ
Ըստ Միգրացիոն քաղաքականության ինստիտուտի (Migration Policy Institute)՝ 1,147 մլն ադրբեջանցի ներգաղթյալներ այսօր բնակվում են այլ երկրներում: Նրանցից 767,000-ը ապրում է Ռուսաստանում: Ուկրաինայում բնակվում են 82,000, Ղազախստանում՝ 48,000, ԱՄՆ-ում` 20,000, նույնքան՝ Ուզբեկստանում, Գերմանիայում՝ 19,000, իսկ Թուրքիայում՝ 17,000։
Ռուսաստանի դաշնային պետական վիճակագրության ծառայության տվյալներով՝ ամեն տարի Ադրբեջանից Ռուսաստան մուտք գործած անձանց թիվը տարեկան առնվազն 10,000-ով գերազանցում է Ռուսաստանից Ադրբեջան մեկնածների թվին:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս բնակչության մշտական աճ և դրական միգրացիա: Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն 2016թ. արտերկրում մշտական բնակություն հաստատելու համար երկրից մեկնել է 1,700 մարդ և նույն նպատակներով ժամանել 3,200-ը:
Սակայն փորձագետները թերահավատությամբ են վերաբերվում պաշտոնական վիճակագրությանը: Տնտեսագետ Թորգուլ Մաշալիի խոսքով, Պետական վիճակագրության դրական միգրացիայի տվյալները հազիվ թե արտացոլում են իրական իրավիճակը:
Ըստ նրա, խնդիրը մեթոդաբանության մեջ է․ «Եթե մարդը ուսման է մեկնում երկար ժամանակով, նրանք դա չեն ամրագրում, ինչպես նաև միգրանտ չեն համարում նրանց, ովքեր երկար ժամանակ բնակվում են Ռուսաստանում և ժամանակ առ ժամանակ վերադառնում են»։
«Խոսքը միայն նրանց մասին է, ովքեր պաշտոնապես նշել են արտագաղթը որպես երկիրը լքելու պատճառ, և հենց դրա հետևանքով է, որ մեր վիճակագրությունը այսքան տարօրինակ կերպով չի համապատասխանում Ռուսաստանի վիճակագրության ցուցանիշներին»,- բացատրում է Մաշալլին։
Քաղաքական վիճակագրությո՞ւն
«Սա ոչ միայն ադրբեջանական, այլև լայնորեն տարածված հետխորհրդային երևույթ է, երբ վիճակագրությունը ծառայում է քաղաքական նպատակների»,- ասում է սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը:
«Այս թվերը չեն վկայաբերվում, քանի որ պաշտոնական տվյալները տարեկան հասնում են մի քանի հարյուրի,- ասում է սոցիոլոգը,- սակայն ապրելով երկրում՝ դու տեսնում ես, թե քո շրջապատից քանի-քանիսն են հեռանում»:
Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ նրա, հաշվի չեն առնում նաև սեզոնային միգրացիան, այսինքն՝ նրանց, ովքեր վեց ամսով մեկնում են Ռուսաստան կամ հակառակը: Անտեսված են նաև նրանք, ովքեր ունեն երկու կամ երեք պետության քաղաքացիություն:
Ինչո՞ւ են հեռանում
Աշխատանք․ Տոմրիդը յոթ տարի ապրում է Ռուսաստանում, վարձակալել է մեկ սենյականոց բնակարան Մոսկվայի արվարձանում: Բաքվում նա աշխատում էր «նավթային արդյունաբերությունում», «գնում էր ծով»:
Աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա չի կարողացել լավ վարձատրվող աշխատանք գտնել և տեղափոխվել է:
«Ես չգիտեմ, թե ինչ կունենայի Բաքվում,- ասում է Տոմրիդը։- Ես ժամանակ առ ժամանակ այցելում եմ Բաքու, այնտեղ իմ բոլոր ծանոթները կա՛մ իսկապես լավ աշխատանք ունեն, կա՛մ ոչ մի աշխատանք չունեն, և ես վստահ չեմ, որ եթե մնայի, կլինեի առաջինների թվում»:
Անվտանգություն․ Հոգեբույժ Ռուստամը այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Գերմանիա։ Նրա խոսքով՝ տեղափոխման հիմնական պատճառը անվտանգությունն էր: «Երկրից գնալու գաղափարն իմ գլխում ծագեց երկու տարի առաջ, երբ Բաքվի Բինագադի արվարձանում եղավ տխրահռչակ հրդեհը, մահացան երեխաներ,- ասում է նա,- ես վերջապես համոզվեցի, որ իմ ընտանիքը այստեղ պաշտպանված չէ»:
Դրանից հետո Ռուստամը ծանոթներից իմացել է, որ Գերմանիայում պահանջվում են բժիշկներ, և որ նրանց համար այնտեղ բնակություն հաստատելը դժվար չէ, ու սկսեց զրոյից գերմաներեն սովորել: «Ես վստահ չէի Ադրբեջանում կայունության ու անվտանգության, իմ երեխաների բարեկեցիկ ապագայի և թոշակի անցնելուց հետո իմ ապագայի հարցում», – պատմում է նա:
Հեռանկարների բացակայություն․ «Ես Բաքվում լավ էի ապրում, շատ ընկերներ ունեի, գերազանց, բարձր վարձատրվող և հետաքրքիր աշխատանք,- ասում է Վարշավայում բնակվող մանկավարժ Լյուդմիլան:- Բայց ես գիտեի, որ բարեկեցիկ երկրի պղպջակը, որը տարիներ շարունակ փչվում է, շուտով կպայթի, և ամեն ինչ շատ վատ կլինի»:
Կոռուպցիա․ «Կոռուպցիայի մակարդակը թույլ չէր տալիս առաջ շարժվել,- ասում է նա։- Նույնիսկ խորհրդային տարիներին մեր ընտանիքում ոչ մի կուսակցական չկար, պապս նավաստի էր, և չէր դառնա նավապետ, տատիկս լաբորանտ էր, հայրս՝ ինժեներ։ Ինչպես նրանք, ես նույնպես չէի տեղավորվում համակարգի մեջ, կաշառք չէի վերցնում»:
Ի՞նչ են ասում իշխանությունները
Խորհրդարանի անդամ, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության բարձրաստիճան անդամ Այդին Միրզազադեն նշում է, որ ադրբեջանական վիճակագրության տվյալները բավական օբյեկտիվ են:
«Այդ տվյալները չեն կարող քաղաքականացված լինել կամ խեղաթյուրվել, հակառակ դեպքում առնվազն մեկ միջազգային կազմակերպություն այդ մասին կհայտարարեր,- վստահ է պատգամավորը:- Ադրբեջանից միգրացիան իսկապես գոյություն ունի, բայց միայն այն պատճառով, որ ամբողջ աշխարհը շարժվում է, ադրբեջանցին ինքն է որոշում, թե որտեղ է իրեն ավելի հարմար ապրել»։
Նա նաև նշում է, որ Ադրբեջանում զգալի ներգաղթ կա․ «Ընդ որում, ներգաղթում են ոչ միայն զարգացող երկրներից, այլև հարևան երկրներից և Ամերիկայի երկրներից»։
«Սակայն, հաշվի առնելով, որ մենք երիտասարդ երկիր ենք և գտնվում ենք Հայաստանի հետ պատերազմական իրավիճակում, դժվարությունների առկայությունը զարմանալի չէ, ինչն իհարկե ոչ մեկի վրայից պատասանատվությունը չի հանում,- հիշեցնում է Միրզազադեն։- Սակայն, եթե նայենք ընդհանուր դինամիկային, Ադրբեջանը դառնում է ներգաղթի համար ավելի ու ավելի հաջողակ և բարենպաստ երկիր»:
Ուղեղների արտահո՞սք
Ադրբեջանցիներն երկրից հեռանում են ոչ միայն աշխատանքի փնտրտուքներում։ Փորձագետների կարծիքով՝ վերջին տարիներին փոխվել է ինքնին արտագաղթի կառուցվածքը:
«Փոխվել են միտումները», – ասում է միգրացիոն գործընթացներ հետազոտող Արիֆ Յունուսը:- Եթե նախկինում մեկնում էին Ռուսաստան միջին տարիքի գյուղաբնակները, ապա այսօր ավելացել է Եվրոպա մեկնողների թիվը, ընդ որում՝ ավելի որակավորված աշխատուժի, նվազել է նաև արտագաղթողների տարիքային շեմը»։
Նրա խոսքով` այսօր հեռանում են նրանք, ովքեր լավ կրթություն են ստացել և չեն կարող Ադրբեջանում լավ աշխատանք գտնել։
«Այո, ուղեղների արտահոսքը տեղի է ունենում և տեսանելի է անզեն աչքով,- ասում է տնտեսագետ Թորգուլ Մաշալին:- Իմ շրջապատից հեռանում են 20-25 տարեկան երիտասարդներ, ոչ միայն նրանք, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել, այլև լավ աշխատանքը թողնող և այլ կյանք ընտրած երիտասարդները»։
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի