Խոդորկովսկին կոչ է անում 2018թ․ նախագահական ընտրություններում քվեարկել Պուտինի և նրա դրածոների դեմ

ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր, գործարար, քաղաքական գործիչ, «Բաց Ռուսաստան» շարժման հիմնադիր Միխայիլ Խոդորկովսկին ռուսաստանցիներին բողոքի քվեարկության կոչ է արել 2018թ․ ՌԴ նախագահական ընտրություններում։ Իր ուղերձը Խոդորկովսկին հրապարակել է Ֆեյսբուքում և Յություբում։ Քաղաքական գործիչը կարծում է, որ դեմոկրատները երեք խնդիր ունեն․ հասնել բոլոր թեկնածուների գրանցման, մասնակցել բողոքի քվեարկությանն ու վերահսկել ընտրությունները։ Ընտրությունները բոյկոտելը Խոդորկովսկին ճիշտ չի համարում։

«Առաջիկա նախագահական ընտրությունները ընտրություն չեն՝ անկախ դրանցում Գրիգորի Յավլինսկիի, Ալեքսեյ Նավալնիի կամ Քսենյա Սոբչակի մասնակցությունից։

Էլ ավելի անկարևոր է, թե որքանով է նրանցից յուրաքանչյուրին վարչակազմը համարում սեփական նախագիծ։

Անգամ «բոլորի դեմ» տողը սկզբունքորեն բան չի փոխում, չնայած՝ ինքնին օգտակար է և արդար։

Ընտրություններ այնտեղ են, որտեղ արդյունքը կախված է ընտրողների իրական կարծիքից, այլ ոչ այնտեղ, որտեղ «համաժողովրդական հավանությունը» ապահովվում է վարչական ռեսուրսի ուժով։

Այդուհանդերձ, նախապատրաստվում է մեծ քաղաքական գործողություն։ Իշխանությունները դառնում են ավելի խոցելի, իսկ հանրությունը բևեռացվում է։ Նման հնարավորությունից պետք է օգտվել։

Բոյկո՞տ։ Այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ աջակցություն է ստանում ընտրողների զգալի թվի կողմից, այլ ոչ թե խառնվում է ամառանոց սովորական այցելության հետ։

2018թ․ սովորական բոյկոտը լինելու է անգործության արդարացում շարքային քաղաքացու համար»,- հայտարարում է Խոդորկովսկին։ Նա հարցադրում է անում՝ «Եթե ոչ բոյկոտ, ապա` ի՞նչ» և ժողովրդավարական շարժմանն առաջարկում երեք բան․

  • հասնել բոլոր թեկնածուների գրանցմանը, որոնք կարող են ձայն հավաքել;
  • մասնակցել բողոքի քվեարկությանը, որը ենթադրում է քվեարկություն ընդդեմ Պուտինի և նրա դրածոյի և հօգուտ ցանկացած այլ թեկնածուի, վերջինիս բացակայության դեպքում՝ քվեարկություն բոլորի դեմ՝ փչացնելով քվեաթերթիկը;
  • աջակցել թեկնածուների կողմից Ռուսաստանի համար սկզբունքային հարցերի առաջմղմանը։

«Հիմա այն ժամանակն է, երբ մարդիկ պատրաստ են լսել»,- կարծում է գործարար, քաղաքական գործիչ Խոդորկովսկին։

Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ 2018-ի ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի ռուսաստանցի լրագրող, հաղորդավար և հասարակական գործիչ Քսենյա Սոբչակը։ Նա հայտարարում է, որ քվեաթերթիկ է վերադարձնում «բոլորի դեմ» տողը։

«Դուք քվեարկում եք ոչ թե Սոբչակի օգտին, այլ բոլորի դեմ՝ Յավլինսկիի, Զյուգանովի և Պուտինի։ Ընտրությունները քաղաքական լուսավորության գործիք են»,- ասել է Սոբչակը։

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը չի կարող գրանցվել որպես նախագահի թեկնածու 2013թ․ «Կիրովլեսի» գործով 5 տարվա պայմանական ժամկետի դատապարտված լինելու պատճառով, կիրակի օրը վարչական պատժի կրումից հետո ազատ արձակվելով՝ նախընտրական քարոզարշավի է մեկնել Աստրախան։ Մեկնաբանելով Սոբչակի առաջադրումը, որն ի դեպ Նավալնիի գրանցման դեպքում խոստացել է հանել իր թեկնածությունը, ասել է, որ «բոլորն իրավունք ունեն ընտրություններում մասնակցելու»՝ նշելով, որ դրանք «անվավեր կլինեն, եթե իրեն չգրանցեն որպես թեկնածու»։

Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը իշխանության ղեկի մոտ է 18 տարի, դեռ չի հայտարարել առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին։ Այդուհանդերձ, նա առաջիկա նախագահական մրցավազքի ֆավորիտ է․ «Լևադա կենտրոն» հետազոտական կազմակերպության տվյալներով՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել ռուսաստանցիների 64 տոկոսը։ Իշխող տանդեմի մյուս ներկայացուցիչ, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վարկանիշը 8 տոկոս է։

Կարդացեք նաև՝ ՀՀ դատավորները ՅՈՒԿՕՍ-ի գործով դատավճիռներ են կայացրել Ռուսաստանի թելադրանքով․ FT

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել