Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Ղարաբաղը սիրիահայերով բնակեցնելու մեջ

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում մասնակցել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարական համաժողովին։ Համաժողովը, որին ներկա էին ԵԱՀԿ մասնակից և գործընկեր երկրների արտգործնախարարներ ու բարձրաստիճան պատվիրակություններ, կազմակերպել էր Իտալիան, որը հաջորդ տարի ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը։

Անդրադառնալով վերջին տարիներին փախստականներին ապաստան տրամադրելու Հայաստանի փորձին` ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասել է. «Միայն Սիրիայից Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 փախստականների` այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա մի շարք խնդիրների առջև կանգնեցրեց մեր երկիրը, որը մոտ անցյալում արդեն իսկ հարյուր հազարավոր փախստականներ էր ընդունել Ադրբեջանից։ Սիրիահայ փախստականներից շատերը ժառանգներ են նրանց, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան էին գտել Սիրիայում: Հարյուր տարի անց նրանք կրկին ստիպված են թողնել իրենց բնակության վայրերը: Հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների»:

Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն էական ջանքեր է գործադրում փախստականներին օգնելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ:

«Փախստականներին տրամադրվում է լայն աջակցություն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կացության իրավունքի ստացման արագացված գործընթացը, քաղաքացիության ընդունման դյուրացումը, բուժօգնությունը, կեցության հասանելիությունը, կրթաթոշակները, պարզեցված ընդունելությունը կրթական հաստատություններում և մուտքը աշխատաշուկա, ճկուն հարկման մեխանիզմները և գրավիչ գործարար միջավայրը»,- ասել է ԱԳ նախարարը։

Ինչպես սոցցանցերում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Ադրբեջանը «ղարաբաղյան հակամարտության հետ կապ չունեցող»՝ Պալերմոյի համաժողովն օգտագործել է «էժանագին շահարկումների համար՝ «Ադրբեջանական լվացքատան» սկանդալից ուշադրությունը շեղելու համար»։

Turan գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր ելույթում խոսել է Լեռնային Ղարաբաղում սիրիացի փախստականների «ապօրինի բնակեցման» մասին, ինչը, նրա պնդմամբ, «խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը»։

Հայաստանն այդկերպ, ըստ Մամեդյարովի, փորձում է փոխել «օկուպացված տարածքներում տնտեսական, մշակութային և ժողովրդագրական պատկերը»։

Այսօր Սիրիայում բնակվում է սիրիացի փախստականների մոտ 30 ընտանիք։

Կարդացեք՝ Սիրիացի փախստականները Ղարաբաղում. գերմանական ռադիոյի անդրադարձը։

Գլխավոր լուսանկարը՝ Eurasianet-ի։

Մեկնաբանել