Եվրամիությունը շտկում է Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը

Եվրախորհրդարանի՝ քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերով հանձնաժողովը (LIBE) հոկտեմբերի 19-ին հավանություն է տվել նախաձեռնությանը, որով Վրաստանի քաղաքացիների համար շենգենյան գոտի մեկնելուց առաջ սահմանվում է «նախնական թույլտվության» մեխանիզմ։ Պաշտոնական Թբիլիսին հայտարարում է, որ նոր համակարգը «ոչ թե կբարդացնի, այլ կհեշտացնի» քաղաքացիների մուտքը Եվրոպա։ Վերլուծաբանները մինչդեռ հակված են մտածելու, որ «նախնական թույլտվությունը» ոչ այլ ինչ է, քան «այցագրի ձև՝ ուրիշ անվանումով»։

Վրաստանի փոխարտգործնախարար Վախթանգ Մախարոբլիշվիլին հայտարարել է, որ նոր համակարգն «իսկապես չի բարդացնի այեցլությունը շենգենյան գոտի, այլ նույնիսկ ինչ-որ չափով կհեշտացնի այն»՝ ելնելով նրանից, որ եթե քաղաքացու մոտ սահմանին խնդիր ծագի հետվերադարձի համատեքստում, նման դիմումաձև լրացնելուց հետո այդ հավանականությունը էլ ավելի կնվազի։

«Համապատասխանաբար կխնայվեն միջոցները և ժամանակը։ Պետք չէ դրան քննադատաբար վերաբերվել, պարզապես Եվրամիությունը փորձում է ուժեղացնել իր ներքին անվտանգությունը։ Դա այցագիր չէ, միանգամայն այլ ձևաչափ է»,- «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել է պաշտոնյան։

Նա տեղեկացրել է, որ կարգավորումը դեռ դիտարկման փուլում է, և հայտնի չէ՝ որքան կշարունակվեն խորհրդակցությունները։ Այս պահի դրությամբ Եվրամիությունը նպատակ ունի Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգը (ETIAS) ներդնել 2020-ից։

Կարծիք է շրջանառվում, սակայն, որ «նախնական թույլտությունը» այցագիր է՝ այլ անվանումով․ անմիջապես սահմանին մերժելը եվրոպական ծառայությունների համար միշտ ավելի դժվար է, քան էլեկտրոնային գրագրությամբ։ Նոր համակարգի ներդրումը հիմնավորվում է Վրաստանից ապօրինի ներգաղթյալների հոսքով, ինչին ԵՄ-ն չի կարող չարձագանքել։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հուլիս ամսվա դրությամբ Շենգեն գոտու երկրներ է մեկնել 55 հազ․ քաղաքացի, որոնցից 3 հազարը՝ անվերադարձ։

Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգը ենթադրում է հատուկ կայքում գրանցում՝ նշելով անձնական տվյալները։ Դիմումաձևի արժեքն է 10 եվրո։ Դիմորդը ստանում է հաստատում կամ մերժում 72 ժամվա ընթացքում։

Այս տարվա մարտի 28-ին ուժի մեջ է մտել Եվրամիության և Վրաստանի միջև անայցագիր ռեժիմը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել