Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանին մեկ ամիս ժամանակ է տվել ՄԻԵԴ-ի վճիռը կատարելու համար

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ծանուցել է Ադրբեջանին, որ մտադիր է նրա դեմ իրավական գործընթաց սկսել «Իլգար Մամադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը չկատարելու կապակցությամբ, հաղորդում է ԵԽ կայքը։ 2014թ․ մայիսին դատարանը վճռել էր, որ ընդդիմադիր Մամադովի ձերբակալությունն ու երկարաձգված կալանքը խախտում է Մարդու իրավունքների եվոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ։ Դատարանը, մասնավորապես, ընդգծել էր, որ հետապնդման իրական նպատակը կառավարության քննադատության համար Մամադովին լռեցնել էր և պատժելը։ Այդուհանդերձ, վճռից անցել է ավելի քան երեք տարի, և ընդդիմադիրը շարունակում է մնալ ճաղերի հետևում։

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն առաջին անգամ որոշել է նախաձեռնել գործընթաց, որով գործը կարող է հետ վերադարձվել ՄԻԵԴ՝ Վերին պալատ՝ որոշելու, թե արդյոք պետությունը չի խախտել իր պարտավորությունները։

«Ո՞ւմ է պետք ԵԽԽՎ-ն»․ Բաքուն արձագանքում է Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևին

Երեկվա որոշմամբ կոմիտեն Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև նոյեմբերի 29-ը՝ իր դիրքորոշումը գրավոր ներկայացնելու համար։ Եթե այդ ժամանակահատվածում ՄԻԵԴ-ի վճիռը չկատարվի, դեկտեմբերի 5-ին նախարարների կոմիտեն կքննարկի գործը ՄԻԵԴ վերադարձնելու վերաբերյալ ևս մեկ ժամանակավոր բանաձև։ Դիմելու համար անհրաժեշտ կլինի ԵԽ նախարարների կոմիտեի ձայների առնվազն երկու երրորդը։ Վերին պալատում հայցի ուսումնասիրության արդյունքում պետությունը ոչ թե քաղաքականապես, այլ շատ ավելի ծանրակշիռ՝ դատական առումով կճանաչվի կոնվենցիայի խախտող։ Ըստ էության, հաջորդ քայլը կարող է լինել ԵԽ-ում Ադրբեջանի անդամակցության հարցը։

Եթե Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդից, ոչինչ չի կորցնի, ասում է Ալիևը

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պարտավոր են կատարել ՄԻԵԴ-ի վճիռները Մարդու իրավունքների կոնվենցիայի թիվ 46 հոդվածով։ Նախարարների կոմիտեն պատասխանատու է դատարանի վճիռների կատարումը վերահսկելու համար։

Իլգար Մամադովի գործի մասին

Իլգար Մամադովը Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանք» (ReAl) քաղաքացիական շարժման առաջնորդն է:

2013թ․ փետրվարի 4-ին ձերբակալվել է Իսմայիլիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առնչությամբ։

Փետրվարի 5-ին ReAl շարժումը Մամադովին առաջադրել է նույն թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու։ Սեպտեմբերին Մամադովի գրանցումը մերժվել է։

2014թ․ մարտի 17-ին Մամադովը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։

2014թ․ մայիսին ՄԻԵԴ-ը վճռել է, որ ընդդիմադիր Մամադովի ձերբակալությունն ու երկարաձգված կալանքը խախտում է Մարդու իրավունքների եվոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ։ Դատարանի որոշմամբ՝ Մամադովին պետք է վճարվեր 22 հազար եվրոյին համարժեք փոխհատուցում, ճանաչվում էր նրա իրավունքների խախտումը։

2015թ․ մարտի 18-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն բանաձև է ընդունել, որում մտահոգություն է հայտնել Մամադովի շարունակվող ազատազրկման կապակցությամբ՝ չնայած ՄԻԵԴ-ի որոշմանը և կոչ արել ազատ արձակել ընդդիմադիր գործչին։

Իսկ դուք կարդացե՞լ եք

Ադրբեջանական լվացքատուն․ Ալիևները՝ միջազգային հետաքննական սկանդալի կենտրոնում

Եվրոպական կառույցները ուժեղացնում են ճնշումը Ադրբեջանի դեմ

Գլխավոր լուսանկարում՝ ադրբեջանցի ընդդիմադիր Իլգար Մամադովը

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել