Վիգեն Սարգսյանը «փառք է տալիս Աստծուն, որ ԵԼՔ-ը փոքրամասնություն է»

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սկզբունքորեն դեմ է, որ լուրջ գիտնականը չծառայի բանակում։ «Լուրջ գիտնականը կարող է իր գիտելիքները ծառայեցնել բանակին՝ որպես զինված ուժերի սպա»,- ասել է նա: Վիգեն Սարգսյանը հակադարձել է «Ելք» խմբակցության պատգամավորներին, որոնք հեգնել էին իրենց։

Հոկտեմբերի 26-ին խորհրդարանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմանը Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե որոշ պատգամավորներ պրիմիտիվացնում են օրենքը:

«Ցավում եմ դրա համար, որովհետև առաջարկվող օրինագիծը անհամեմատ ավելի լայն է: Այն լուծում է տարիների, տասնամյակների ընթացքում լուծում չգտած հարցեր, թե՛ սպաների, թե՛ պայմանագրային զինծառայողների և թե՛ ժամկետային ծառայության անձնակազմի համար»,- ասաց նախարարը:

Նախորդ օրը խորհրդարանում բանավեճ էր տեղի ունեցել «Ելք» խմբակցության պատգամավորների ու նախարարի միջև։ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքրվել էր, արդյոք «դիսկոմֆորտ» չի՞ զգում՝ զեկուցելով զինվորական ծառայության մասին օրինագծի մասին՝ ծառայած չլինելով հայկական բանակում:

Վիգեն Սարգսյանը «Ելք»-ի պատգամավորներին խորհուրդ տվեց մնալ կոռեկտության սահմանում․

«Ցավում եմ, որ «Ելք» խմբակցությունը չգնահատեց իրեն մեկնած ձեռքը և չփորձեց կոնստրուկտիվ փոխգործակցության դաշտում լուծել երկրի համար առանցքային նշանակության, ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտի խնդիրները: Ցավում եմ, որ պարոն Մարուքյանն այստեղ չէր, անընդհատ իմ, պարոն Նահապետյանի կոմֆորտից էր հարցնում։ Կուզեի հարցնել՝ իրենք կոմֆո՞րտ են զգում իրենց այս քննարկումների մեջ, երբ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքներից:

Դեստրուկտիվ ոճի ջատագովները չցանկացան ըմբռնել, որ առաջարկվող լուծումներն անհամեմատ ավելի լավն են, քան հնարավոր բազմաթիվ տարբերակներ: Ես փառք եմ տալիս Աստծուն, որ այդպիսի մտածելակերպով դուք փոքրամասնություն եք, ոչ թե մեծամասնություն այս խորհրդարանում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով, որը ներկայացրել է պաշտպանության նախարարությունը, առաջարկվում է ուսանողների համար վերացնել զինվորական ծառայությունից տարկետումը։ «Բոլորը պետք է ծառայեն»,- հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Մեկնաբանել