Կիևում պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ

Կիևի կենտրոնում երեկ երեկոյան տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում վիրավորվել են Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը և քաղաքագետ Վիտալի Բալան։ Պայթյունի հետևանքով մահացել է Մոսիյչուկի թիկնապահը ու ևս մեկ մարդ, որն այդ պահին եղել է տարածքում։ Ուկրաինական Segodnya կայքը հաղորդում է, որ տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժել է 5 մարդ։

Ըստ հաղորդագրությունների՝ պատգամավորի դեմ մահափորձը քննվում է «ահաբեկչություն» հոդվածով։

Ռադայի պատգամավորի խոսնակը տեղեկացրել է, որ Մոսիյչուկը եթեր ուներ «Էսպրեսո» հեռուստաընկերությունում։ Շենքից դուրս գալիս նրա մեքենան, որը կայանված էր մուտքի մոտ, պայթել է։

Իգոր Մոսիյչուկը Ուկրաինայի «Արմատական» կուսակցության պատգամավոր է, հայտնի է դարձել Դոնբասում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

2015թ․ Մոսիյչուկի դեմ քրեական գործ է հարուցվել․ նրան մեղադրում էին կաշառք ստանալու մեջ։ Ուկրաինայի՝ այն ժամանակվա գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հրապարակել էր տեսանյութ, որում պատգամավորը բարձրաձայնում էր կաշառքների չափը, որոնք անհրաժեշտ են պատգամավորական անհրաժեշտ դիմումների և հայտերի համար։ Ռադան քվեարկել էր Մոսիյչուկին անձեռնմխելիությունից զրկելու, նրան ձերբակալելու օգտին, սակայն Ուկրաինայի Գերագույն դատարանն ավելի ուշ չեղարկել է այդ որոշումը՝ գտնելով ընթացակարգային խախտումներ։

Մեկնաբանել