Հայտարարվել էր, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն տեղի է ունենում հակառակը. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանական կողմը հակառակ է գործում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվում հանդիպումների ժամանակ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, գրում է Tert.am-ը:

«Հայտարարվել էր այն մասին, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն կատարվում է ճիշտ հակառակը, և դա արդեն դարձել է օրինաչափություն»,- ասել է նա և օրինակ բերել, որ Վիեննայում մի բան են պայմանավորվում, բայց Ադրբեջանի քայլերն ուղղված են դրանք խոչընդոտելուն, նույնը՝ Սանկտ Պետերբուրգում:

Քոչարյանի խոսքով` խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանն իր անհեռատես քայլերով իրեն մղել է դեպի փակուղի և անկանոն քայլերով ու գործողություններով Բաքուն նաև փակում է փակուղուց դուրս գալու ճանապարհը:

Ըստ փոխարտգործնախարարի՝ Ադրբեջանին վրդովեցրել է այն հայտարարությունը, ըստ որի՝ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Դրա շուրջ սկսվել է վայնասուն Ադրբեջանում: Սակայն երբ որ Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, ինքը ձևացնում է, թե մոռացել է, որ նույն հիմքով անկախացել է թե՛ ԼՂՀ-ն, թե՛ Ադրբեջանը՝ Սովետական միության օրոք»,- ասել է նա և ավելացրել, որ Արցախում անկախության հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան Ադրբեջանում, ուստի իր անհեռանկար քայլերով կամ հայտարարություններով Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում:

«Բանակցություններին խանգարողը Ադրբեջանն է, այնպես չէ, որ հայկական կողմերը խուսափել են բանակցություններից, ճիշտ հակառակը։ Սակայն երբ հակառակորդը պարտադրում է և ասում է՝ ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա բնական է՝ տեղիք տալ չի կարելի»,- նշել է նա:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ բանակցությունների հեռանկարի հետ կապված համանախագահները շատ հստակ խոսել են իրենց բազմաթիվ հայտարարություններում, որ առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք, իսկ հիմքը կողմերի միջև վստահությունն է: Նա ասաց, որ այդ վստահությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի միջազգային պարտավորությունները, իսկ հետաքննության մեխանիզմներն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է:

Մեկնաբանել