Կկառուցապատվի Մեղրիի մաքսակետի հարակից տարածքը՝ Ազատ տնտեսական գոտու համար

Սյունիքի մարզում Իրանի հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որի համաձայն` ազատ գոտու կազմակերպման և զարգացման աշխատանքներն ապահովելու նպատակով հիմնադրվել է ««Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերությունը:

Ազատ տնտեսական գոտու կառուցման առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական վարչական, արտադրական և պահեստային տարածքները։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը՝ փոխարենը, անհրաժեշտության դեպքում, ծառայությանը հատկացնելով այլ տարածք:

Նախօրեին Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը Երևանում իր պաշտոնակից Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Ռուսաստանը հետաքրքրված է Մեղրիի ազատ տնտեսական գոտով։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել