Ատոմային էներգետիկան Հայաստանի համար մնում է ռազմավարական ուղղություն․ Սերժ Սարգսյան

Ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի․ այսօր Կառավարության ընդունելությունների տանը Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչ այդ տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումը նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, որը Հայաստան է ժամանել ՀՀ նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի: Սերժ Սարգսյանի խոսքով՝ բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը:

«Ծրագիրը նախատեսում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչև 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում: ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին և այդ ծրագրի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրերը:

Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվում են նախագծային և շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաև դրա արդիականացման միջոցառումներ: 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, այդ թվում՝ էներգաբլոկի սարքավորումների գործիքային զննությունը, գործնականում ավարտվել են»,- ասել է Սերժ Սարգսյանը:

***

Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվելիք համաձայնագրում կա կետ նաև ՀԱԷԿ-ի՝ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի փակման մասին։ ՍիվիլՆեթը վերհիշել է, թե ինչ ճանապարհ է անցել ատոմակայանը ստեղծումից ի վեր։

Մեկնաբանել