Կարսի անկումը 1920-ի հոկտեմբերի 30-ին. թվեր և փաստեր

1920 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 30-ին, թուրք քեմալականները Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ, գրավեցին Կարսը:

Կարսը, որ այսօր Թուրքիայի կազմում է, եղել է 10-րդ դարի Հայաստանի մայրաքաղաքներից:

Բագրատունիների և ապա Կարսի թագավորության կործանումից հետո քաղաքին և շրջակա տարածքներին տիրել են թուրք-սելջուկները: 1639 թվականի թուրք-պարսկական պայմանագրով Կարսը անցել է Օսմանյան կայսրությանը:

1877 թվականի ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Կարսը անցավ Ռուսական կայսրությանը: Ձևավորվեց Կարսի մարզը, որտեղ, ինչպես Արևելյան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում, հաստատվեցին ռուս աղանդավորներ՝ մոլոկաններ:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն, Կարսի մարզում բնակչության թիվը եղել է շուրջ 290 հազար, որից հայերը՝ 25 տոկոս, թուրքերը՝ 22, քրդերը՝ 15, հույները՝ 11, կարափափախները՝ 10, ռուսները՝ 8 տոկոս:

1918-ի ապրիլի 25-ին թուրքական զորքերը գրավեցին քաղաքը և համանուն մարզը, ապա Ալեքսանդրապոլը և Շիրակի դաշտի մյուս բնակավայրերը:

Մեկ տարի անց, բրիտանացիների օգնությամբ, որոնք Կովկասի տեր ու տնօրենն էին և անկախ Հայաստանի դաշնակիցը, հայկական ուժերը մտան Կարս:

Այսպիսով, Կարսի մարզը միացվեց Հայաստանի Հանրապետությանը, նահանգապետ նշանակվեց Ստեփան Ղորղանյանը: Կարսի քաղաքապետ դարձավ Համազասպ Նորհատյանը՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ի կերպարներից Մազութի Համոն:

1920-ի աշնանը՝ սեպտեմբերին, սկսվեց քեմալականների հարձակումը, որը վերածվեց թուրք-հայկական պատերազմի և ավարտվեց Հայաստանի պարտությամբ: Դա նաև թուրք-հայկական վերջին պատերազմն էր:

Քեմալականները նախ գրավեցին Սարիղամիշը, Կաղզվանը, Մերդենեկը, Արդահանի հայկական մասը (Արդահանի մյուս հատվածը Վրաստանի կազմում էր), իսկ հոկտեմբերի 30-ին՝ Կարսը: Հետագա մի քանի օրերի և շաբաթների ընթացքում թուրքական զորքերը գրավեցին նաև Իգդիրը, Անին, Ալեքսանդրապոլը՝ Գյումրին:

1920-ի աշնանը Հայաստանը փաստացի պատերազմի մեջ էր նաև բոլշևիկյան Ռուսաստանի հետ, որի 11-րդ բանակը գրավեց Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը:

Այսպես, Հայաստանը վեց շաբաթների ընթացքում՝ բոլշևիկ-քեմալականների հարվածների տակ, կորցրեց շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

1920-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց: Քեմալականները գրավյալ Ալեքսանդրապոլում մնացին մինչև հաջորդ տարվա ապրիլ՝ ավեր ու սպանդ սփռելով Շիրակի դաշտում:

Իսկ Կարսը և Սուրմալուն՝ Անիի ավերակներով ու Մասիս սարով, մնաց Թուրքիային: 1921-ի հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրվեց համանուն պայմանագիրը, որով և գծվեց Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի սահմանը:

1920-ի այս օրը՝ հոկտեմբերի 30-ին, երբ քեմալականները գրավեցին Կարսը, տեղի հայ բնակչությունն ու հայկական զորքը խուճապահար փախչում էր դեպի Ալեքսանդրապոլ: Շուրջ 2000 հայեր գերի ընկան, որոնց մեջ էին զորավարներ Փիրումյանը, Արարատյանը, Ղազարյանը, գնդապետ Վեքիլյանը, առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու որդին, Հայաստանի նախարարներից Արտաշես Բաբալյանը, հետագայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս դարձած Գարեգին Հովսեփյանը:

Կարսի անկման մասին գրվել են բազմաթիվ հուշեր, հոդվածներ, գրքեր: Կարսի անկման օրերին Հայաստանի պաշտպանության նախարարը Ռուբեն Տեր-Մինասյանն էր, ով, զարմանալիորեն, իր շուրջ մեկ տասնյակ հուշերի գրքերում անգամ մեկ նախադասությամբ չի անդրադարձել Հայաստանի պատմության այդ ողբերգական ու կորստաբեր դեպքին:

Հայաստանում, Սփյուռքում պատմության այս օրը՝ հոկտեմբերի 30-ը, չի հիշվում և հիշատակվում:

Հավանաբար, որովհետև հիշելը ձեռնտու չէ:

Լուսանկարում՝ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Անիում, 2008 թ., լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Մեկնաբանել