Այսօր բացվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Բաքվում բացվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Արարողությանը մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի նախագահները, Վրաստանի վարչապետը։ Հոկտեմբերի 30-ին Բաքու է ժամանում նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել վրաց պաշտոնակցին նախագծի իրականացման գործում Վրաստանի ունեցած ներդրման համար։

2007թ. փետրվարի 7-ին Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ստորագրեցին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիր:

Ծրագիրը ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, որից 68 կմ-ն անցնելու է Թուրքիայի տարածքով, 30 կմ՝ Վրաստանի տարածքով, ինչպես նաև Վրաստանում Ախալքալաք-Թբիլիսիի 183 կմ երկարությամբ հատվածի վերակառուցումը:

Վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորում է Ադրբեջանը, որը Վրաստանին տրամադրել է երկու արտոնյալ վարկ` ընդհանուր 775 միլիոն դոլար:

Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարար Ահմեդ Արսլանը ամռանը հայտարարել էր, որ երկաթուղով հնարավոր կլինի տարեկան 34-35 մլն տոննա բեռ փոխադրել:

«Նախնական փուլում, ԲԹԿ-ն նախատեսում է տեղափոխել մինչև 1 միլիոն ուղևոր և 6,5 միլիոն տոննա բեռ: Մեր միջնաժամկետ նպատակն է այդ միջանցքով հասնել մինչև 20-22 միլիոն տոննա բեռնափոխադրումների»,- ասել էր Արսլանը։