GIZ-ն աջակցում է Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացմանը

Այսօր Երևանում կայացել GIZ-ի աջակցությամբ իրականացվող «Քայլարշավային երթուղիների քարտեզագրում և առաջխաղացում» խորագրով աշխատաժողովի բացումը, որին մասնացկել  են ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը, GIZ ՄՀԶ ՄԿՈւ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավարՎիլհելմ Հուգոն և «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

«GIZ-ը «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակում՝ այլ առաջնահերթ ուղղությունների շարքում, աջակցում է կայուն զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում: Այս առումով մեր հիմնական նպատակներից է քայլարշավային երթուղիների մշակումն ու դրանց առաջխաղացումը Հայաստանում: Հուսով ենք՝ այս աշխատաժողովը, որը վարելու են GIZ-ի միջազգային փորձագետները և տեղացի հմուտ մասնագետներ կօգնի մեզ բոլորիս ևս մեկ քայլ անել՝ հասնելու այդ նպատակին», ասաց Վիլհելմ Հուգոն, ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավարը։

Քառօրյա աշխատաժողովի ընթացքում GIZ-ի միջազգային փորձագետներ Բարբրա Ֆրիցը և Մարթա Միլզը, ինչպես նաև մի շարք հայ զբոսաշրջավարներ և ոլորտի ներկայացուցիչներ քայլարշավային երթուղիների մշակման և կառավարման, քարտեզագրման վերաբերյալ ընդհանուր և խմբակային սեսիաներ կվարեն: Օրակարգում ընդգրկված է նաև էկոտուրիզմի ոլորտում լավագույն փորձի և հաջողության պատմությունների ներկայացում, շուկայի նիշան գտնելու և ապրանքի առաջարկ կազմելու հմտությունների գործնական զարգացում:

Աշխատաժողովի արդյունքում մասնակիցները (B&B սեփականատերեր, զբոսաշրջավարներ և քայլարշավային զբոսաշրջության ոլորտում փորձ ունեցող մասնագետներ) կկազմեն քայլարշավային երթուղիների քարտեզ, կներկայացնեն արդեն գծանշված երթուղիները, ինչպես նաև կառաջարկեն նվազագույնը 20 ծառայություն մատուցողների՝ այլ աշխատաժողովների մասնակցության համար: Մասնակիցները նաև կզարգացնեն իրենց բիզնես պլան կազմելու հմտությունները և կկարողանան գովազդային հոդվածներ ստեղծել զբոսաշրջության ոլորտի կայքէջերի համար: