Ֆուտբոլային կրքեր Գյումրիում. կորակազրկվի՞ Գյումրիի մարզադաշտը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն առաջիկա իր նիստում քննարկելու է հոկտեմբերի 29-ին ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Շիրակ» – «Ալաշկերտ» խաղից հետո տեղի ունեցած միջադեպի հարցը։ Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո ընդհարում էր տեղի ունեցել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ու Շիրակի ադմինիստրատորի միջև։

Հանդիպումից հետո «Ալաշկերտը» տարածել էր հետևյալ հաղորդագրությունը. «Այն բանից հետո, երբ «Ալաշկերտը» վերջին րոպեին հաղթանակ կորզեց, կրքերը էլ ավելի թեժացան, իսկ հանդիպման ավարտից անմիջապես հետո «Շիրակի» աշխատակիցներից մեկը, ով հանդիպման ընթացքում նստած էր պահեստայինների նստարանին, հարվածեց Աբրահամ Խաշմանյանին: Միանգամից խաղադաշտ փորձեցին ներխուժել «Շիրակի» երկրպագուները, որոնց մի մասի մուտքը խաղադաշտ ոստիկանները կարողացան կանխել, սակայն մի քանի երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ մասնաշենքի կողմից և ակտիվորեն ներգրավվեցին քաշքշուկին` հարձակվելով «Ալաշկերտի» մարզչական շտաբի վրա»։

«Ալաշկերտը» ներկայացրեց նաև միջադեպի տեսանյութ, որտեղ, սակայն երկրպագուների միջամտություն չի երևում։

«Շիրակը» միջադեպի վերաբերյալ ևս պարզաբանումներ է ներկայացրել։ «Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է Ակումբի աշխատակցի և Աբրահամ Խաշմանյանի միջև, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին»,- ասված էր ակումբի հայտարարությունում։

«Ալաշկերտը», սակայն, պնդում է, որ երկրպագուները ողջ խաղի ընթացքում «հայհոյել են հյուրերի մարզչին, խաղից հետո էլ հանդերձարանի մոտակայքում Շիրակի երկրպագուները սպասել են հյուրերին՝ հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ»։

Միջադեպը կարող է համապատասխանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կանոնակարգի միանգամից 3 հոդվածների։ Դրանցից երկուսը կարող են վերաբերել «Շիրակին», մյուսը՝ հյուրերի մարզիչ Աբրահամ Խաշմանյանին։ Մասնավորապես, Շիրակի ադմինիստրատորը կարգապահական կանոնակարգի 10-րդ հոդվածով կարող է որակազրկվել 5 խաղով և ակումբը կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով։

«Շիրակը» նաև, ըստ կանոնակարգի, երկրպագուների կողմից խաղի պաշտոնատար անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, վիրավորանքների ու հայհոյանքների համար կարող է նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով տուգանվել, նույն հոդվածի կիրառման հետևանքով Գյումրի մարզադաշտը կարող է որակազրկվել կամ «Շիրակը» մի քանի խաղ կարող է խաղալ առանց երկրպագուների։

Ֆուտբոլային մեկնաբան Արմեն Նիկողոսյանն ասում է՝ գյումրեցիները «Շիրակը» համարում են իրենց սեփականը և Հայաստանում միակ տեղը, որտեղ ֆուտբոլային մթնոլորտն ու համուհոտը պահպանվել են, «Գյումրին» է։ Նա հատուկ շեշտում է՝ միջադեպ գրանցվել է ոչ թե երկրպագուների ու «Ալաշկերտի» մարզչի, այլ «Շիրակի» ադմինիստրատորի ու «Ալաշկերտի» մարզչի միջև, ոչ մի երկրպագու չի մասնակցել դրան։ Նիկողոսյանը «անթույլատրելի» է համարում «Շիրակի» քաղաքային մարզադաշտը որակազրկելու հնարավորությունը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել