«Հայաստանի ներդրողների ակումբը» հայտարարելու է 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագրի մասին․ «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հայաստանի ներդրողների ակումբը» նոյեմբերի 13-ին Երևանում ներդրումային ծրագրի մեկնարկին (ավելի քան 1 մլրդ դոլար) նվիրված մեծ միջոցառում է անցկացնելու։ Այդ ներդրումները հիմնականում արվում են Հայաստանի էներգետիկ ոլորտում և ներառում են Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացում, նոր հիդրոէլեկտրակայանի և Schneider Electric հայտնի ընկերության հետ էներգետիկների համար ապրանքների արտադրության ձեռնարկությունների շինարարություն։ Կարծում եմ՝ այդ նույն արտադրանքը իր սպառողին կգտնի նաև ռուսաստանյան շուկայում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հայ-ռուսական համատեղ ներդրումային հիմնադրամի ձևավորման ներկայիս փուլի մասին հարցին։
Հարցադրմանը, թե «կարելի՞ է ասել, որ ռուսաստանյան ընկերություններն այդ թվում արդիականացնելու են Հայաստանի էլեկտրական ցանցերը, կարելի՞ է նրանց խաղացող անվանել», ՀՀ նախագահը պատասխանել է․ «Դեռ ոչ, այդ տեղեկատվությունը տրամադրվելու է նոյեմբերի 13-ին։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հիմնադրամին՝ մենք շարունակում ենք աշխատանքը։ Վերջերս այդ հիմնադրամի ներկայացուցիչները Հայաստանում էին։ Եթե խոսենք ներդրումային ոլորտների մասին՝ դրանք ՏՏ, էներգետիկ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտներն են»։
Սերժ Սարգսյանը հաստատել է այն միտքը, որ ներկայում կողմերն աշխատում են ճանապարհային քարտեզի ստեղծման վրա։
***
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի հայկական սփյուռքի երեք տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ մարտին պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը։ 2017թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։
Ավելին՝ Ստեղծվել է «Հայաստանի ներդրողների ակումբ»՝ ռուսահայ գործարարների մասնակցությամբ։