Ինչո՞ւ է Թուրքիան շահարկում Ղրիմի թաթարների հարցը

Բացի Ուկրաինայի իշխանություններից և նրանցից, ովքեր Թուրքիայի ներսում կարոտախտով են հիշում Օսմանյան կայսրության հզորությունը, Էրդողանի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարությունները ևս մեկ կարևոր թիրախային լսարան ունեն` Մոսկվան: Այժմ Անկարան մտահոգված է, որ Սիրիայում կարող է ստեղծվել քրդական ինքնավարություն` Ռուսաստանի աջակցությամբ: Իսկ ղրիմա-թաթարական հարցն Անկարային անհրաժեշտ է որպես հարմար զուգահեռ և, համապատասխանաբար, Մոսկվայի վրա ճնշման միջոց։ Այս թեմային անդրադարձել է Carnegie.ru կայքում անդարդաձել է թուրքագետ Եկատերինա Չուլկովսկայան։

Անցյալ շաբաթ Ռուսաստանը Թուրքիային արտահանձնեց Ղրիմի թաթարների ժողովրդական մեջլիսի երկու ակտիվիստների` Ախթեմ Չիյգոզին և Իլհամ Ումարովին: Երկուսն էլ դատապարտվել էին 2014թ.՝ անջատողականության մեղադրանքով: Ինչ կարգավիճակով նրանք հանձնվեցին թուրքական իշխանություններին, հայտնի չէ։ Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այս հարցը: Ղրիմի թաթարների ակտիվիստների ներկայացուցիչները պատասխանել են, որ Չիյգոզի և Ումարովի ներման մասին Ռուսաստանի որոշումները գաղտնի են:
Բայցևայնպես ակնհայտ է, որ Մեջլիսի ներկայացուցիչների ազատումը անհնար կլիներ առանց Անկարայի միջնորդական ջանքերի, որն ավելի ակտիվ է ներկայանում Ղրիմի թաթարների հիմնական պաշտպանի դերում։

Սփյուռքի դերը

Թուրքիային Ղրիմի թաթար ակտիվիստներին հանձնումը տեղի է ունեցել ամենայն հավանականությամբ այն բանից հետո, երբ Կիև կատարած պաշտոնական այցի ընթացքում Էրդողանը կոչ արեց ազատ արձակել կալանավորված բոլոր ղրիմյան թաթարներին։ Ուկրաինայի մայրաքաղաքում նա նաև հայտարարեց, որ Թուրքիան «աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը»:

Սա առաջին անգամ չէ, որ թուրք պաշտոնյաները հրապարակայնորեն դատապարտում են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում: Օրինակ, այս տարվա մարտի 18-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակեց Ղրիմի հանրաքվեի երրորդ տարելիցին նվիրված հայտարարություն: Այնտեղ նշվում էր, որ «Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» և «կշարունակի սերտորեն վերահսկել Ղրիմում տիրող իրադրությունը և պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքները և շահերը»:

Նման հայտարարություններ անելով՝ թուրքական իշխանությունները միանգամից մի քանի նպատակ են հետապնդում, այդ թվում՝ ներքաղաքական: Այսպիսով, Թուրքիայի արտգործնախարարության մարտյան հայտարարությունը կապված էր ոչ միայն Ղրիմի հանրաքվեի, այլև թուրքական հանրաքվեի հետ․ ապրիլին երկիրը քվեարկեց նախագահ Էրդողանի լիազորությունները երկարաձգող սահմանադրական փոփոխությունների օգտին:

Այն ժամանակ Ղրիմի վերաբերյալ կոշտ հայտարարությունները հաճույքով էին ընդունվում թուրք ազգայնականների կողմից, որոնք միավորվեցին իշխող կուսակցության հետ և աջակցեցին սահմանադրական փոփոխություններին: Ինչ վերաբերում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, այն աստիճանաբար վերափոխվում է իսլամիստականից իսլամիստական-ազգայնականի, դրա համար էլ թյուրքական ժողովուրդների կամ մուսուլմանների պաշտպանության ցանկացած ժեստ էլ ավելի է բարձրացնում նրա վարկանիշը։

Բացի այդ, Թուրքիայում ապրում է Ղրիմի թաթարական արմատներ ունեցող մոտ երեք միլիոն մարդ: Նրանցից շատերն ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Որպես կանոն, թուրք ղրիմյան թաթարները ազգայնական հայացքներ ունեն: Նույնիսկ, երբ Ղրիմը Ուկրաինայի մաս էր, նրանք կոչ էին անում թերակղզին ազատագրել զավթիչներից, իսկ այժմ նրանց հռետորաբանությունը ավելի խիստ է:

Հիշելով անցյալը

Նեոօսմանյան գաղափարախոսությունն այժմ Թուրքիայում նորաձև է: Այն համապատասխանում է թուրք ազգայնականների, կառավարող իսլամիստների և ղրիմյան-թաթարական ակտիվիստների ծրագրերին: Մինչև 1774 թ. Ղրիմը Օսմանյան կայսրության մաս էր, և այսօրվա Թուրքիայում սիրում են հիշել իրենց նախկին մեծության տարիները:

Խորհրդային տարիներին Անկարան առանձնապես հետաքրքրված չէր Ղրիմով, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո սկսեց ակտիվ քաղաքականություն վարել այնտեղ: 1992թ. Թուրքական համագործակցության և զարգացման գործակալությունը (TIKA) այնտեղ սկսեց մի շարք մշակութային և կրթական ծրագրեր:

Այնուամենայնիվ, Անկարայի ակտիվությունը դեռ չի անցնում մշակութային և կրթական ծրագրերից և բնիկ ժողովրդի աջակցության մասին հայտարարություններից այն կողմ: 2014 թ. մարտին, Ղրիմում հանրաքվեի նախօրեին, երբ միջազգային ԶԼՄ-ները խոսում էին թերակղզում Ռուսաստանի աճող ռազմական ներկայության մասին, Թուրքիան ուշադիր հետևում էր իրավիճակին: Այն ժամանակ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց․ «մենք առաջինը կշտապենք մեր նախնիների թողած ժառանգությանը՝ Ղրիմին, օգնության»:

Այնուամենայնիվ, իրականում ոչ ոք այդպես էլ չշտապեց օգնության: Անկարան նախընտրեց Ղրիմի հարցերին կողքից հետևել: Թուրքիան չմիացավ հակառուսական պատժամիջոցներին: Ավելին, 2014 թ. դեկտեմբերին Պուտինը և Էրդողանը պայմանավորվեցին «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման վերաբերյալ։
Քրդական գործոնը
Բացի Ուկրաինայի իշխանություններից և նրանցից, ովքեր Թուրքիայի ներսում կարոտախտով են հիշում Օսմանյան կայսրության հզորությունը, Էրդողանի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարությունները ևս մեկ կարևոր թիրախային լսարան ունեն` Մոսկվան: Այժմ Անկարան մտահոգված է, որ Սիրիայում կարող է ստեղծվել քրդական ինքնավարություն` Ռուսաստանի աջակցությամբ: Սիրիայի քրդերին թուլացնելու համար Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում:

Սակայն Սիրիայի քրդերի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում հաջողությունների և ահաբեկիչների նախկին մայրաքաղաք Ռաքքայի ազատագրման մասին լուրերի ֆոնին Սիրիայում քրդական ինքնավարության հնարավորությունը բավականին իրատեսական է: Հետևաբար, Անկարայի համար այժմ ավելի քան երբևէ կարևոր է այդ հարցում ստանալ Մոսկվայի աջակցությունը, որը կարող է ազդեցություն գործել ինչպես Դամասկոսի, այնպես էլ Սիրիայի քրդերի վրա:

Այս իրավիճակում Ղրիմա-թաթարական հարցը Անկարային պետք է որպես հարմար զուգահեռ և, համապատասխանաբար, Մոսկվայի վրա ճնշման միջոց: Այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից ակտիվ միջամտություն Ղրիմա-թաթարական գործերին և, առավել ևս, այս հարցում Ռուսաստանի հետ բաց առճակատում, չպետք է սպասել: Հռետորաբանությունից և միջնորդական ջանքերից այն կողմ, ինչպես Մեջլիսի ներկայացուցիչների դեպքում, հարցը դժվար թե անցնի: Թուրքիան առանց Ղրիմի էլ ներքին և արտաքին խնդիրներ ունի, որոնց լուծումը շատ ավելի կարևոր է, քան Ղրիմի թաթարների ինքնորոշումը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել