Յոթ ամսվա ընթացքում Եվրոպա անվերադարձ մեկնել է Վրաստանի 10 հազ․ քաղաքացի

Այս տարվա մարտի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Շենգեն գոտու երկրներ է այցելել Վրաստանի մոտ 162 հազար քաղաքացի, որոնցից մոտ 10 հազարը չի վերադարձել։ Այսպիսի տվյալներ է հրապարակել Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման նախարարությունը, ըստ Agenda կայքի։

Գերատեսչությունը չի հստակեցրել, թե 10 հազար քաղաքացիներից քանիսն է մնացել Շենգեն գոտում և քանիսը՝ մեկնել երրորդ երկրներ։

Վրաստանցի այցելուներից մոտ 30 հազարը 31-40 տարեկան են։ Մոտ 62 հազարը՝ կին, 54 հազարը՝ տղամարդ։

***

Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանի՝ քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերով հանձնաժողովը (LIBE) հավանություն է տվել նախաձեռնությանը, որով Վրաստանի քաղաքացիների համար շենգենյան գոտի մեկնելուց առաջ սահմանվում է «նախնական թույլտվության» մեխանիզմ։ Թեև պաշտոնական Թբիլիսին հայտարարում է, որ նոր մեխանիզմը միայն կհեշտացնի քաղաքացիների մուտքը Եվրոպա, վերլուծաբանները հակված են մտածելու, որ այդկերպ ԵՄ-ն փորձում է կանխել Վրաստանից ապօրինի ներգաղթյալների հոսքը։

Եվրամիությունը շտկում է Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը։

Այս տարվա մարտի 28-ին ուժի մեջ է մտել Եվրամիության և Վրաստանի միջև անայցագիր ռեժիմը։ Կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիներն այսուհետև կարող են առանց այցագրի շենգենյան գոտու երկրներ մուտք գործել և ընդհանուր առմամբ մնալ 90 օր՝ 180 օրվա կտրվածքով։

Մեկնաբանել