«Վեոլիա Ջուր»-ի հետ կաշխատեն, որ ջուրը չթանկանա

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետի հանձնարարականներից մեկը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների մանրածախ սակագների վերաբերյալ էր:

«2017 թվականի օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտով, որով առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018 թվականի համար ավելացնել 14,3 դրամով: Նշված հայտը ներկայումս գտնվում է հանձնաժողովի կողմից ուսումնասիրության փուլում: Հայտի ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարել է 20-օրյա ժամկետում, սակագնի փոփոխության դեպքում, կառավարության աշխատակազմ ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ: Հանձնարարվել է նախագիծը մշակել՝ համատեղ աշխատելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ, այդ թվում՝ քննարկելով կազմակերպության կողմից վճարվող վարձակալության վճարի գումարները:

Մեկնաբանել