Ադրբեջանն ու Իրանը խորացնում են ռազմական համագործակցությունը․ որքան հեռու այն կարող է գնալ

Eurasianet.org կայքում ադրբեջանցի հոդվածագիր Զաուր Շիրիևը անդրադարձել է ադրբեջանա-իրանական ռազմական համագործակցության հարցին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Իրանն ու Ադրբեջանն անցկացրել են ռազմական համագործակցության աշխատանքային խմբի առաջին հանդիպումը` ազդարարելով երկու կասկածամիտ հարևանների միջև պաշտպանական կապերի զարգացումը:

Հոկտեմբերի 24-ին և 25-ին Բաքվում տեղի է ունեցել ռազմական համագործակցության ադրբեջանա-իրանական համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցում էին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Հոջաթոլահ Ղորեիշին:

Այս աշխատանքային խումբը հիմնվել է 2015 թ. Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանի Բաքու կատարած այցի ժամանակ: Այդ ժամանակից ի վեր աճել են ռազմական մակարդակով շփումները․ նախ մարտին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ հետո՝ ապրիլին՝ Հասանովի Թեհրան կատարած այցերով։ Հոկտեմբերին Ադրբեջանի ռազմանավերը առաջին անգամ այց կատարեցին Իրան:

Սակայն այն հանգամանքը, որ առաջին հանդիպումն իրականացվեց երկու տարի անց, հարցեր է առաջացնում Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության լրջության մասին, մասնավորապես հաշվի առնելով Թեհրանի հիմնական թշնամի Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմական հարաբերությունները։

Հատուկ ուշադրությամբ դիտարկվել է Իրանի կողմից հնարավոր սպառազինությունների գնման հարցը: Ալիևը 2016թ. Գերմանիայում կայացած հանդիպմանն ասել էր. «Գաղտնիք չէ, որ մենք Թուրքիայից, Իսրայելից, Բելառուսից, Իրանից և շատ այլ երկրներից զենք ենք գնում, ինչը նպաստում է մեր բանակի արդիականացմանը»: Հայտարարությունը ոչ մի պետական լրատվամիջոցում տեղ չէր գտել, մանրամասներ չէին ներկայացվել:

Անցյալ տարվա Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո պաշտոնաթող լեյտենանտ գեներալ Յաշար Այդեմիրովը տեղական ԶԼՄ-ներին ասել էր, որ այդ հակամարտության ընթացքում Ադրբեջանը իրանական զենք է կիրառել: Սակայն նրա նշած զենքերը, այդ թվում` հաուբիցները և բազմակի հրթիռային համակարգերը, արտադրվում են Իրանում և վաճառվում Իրանի սպառազինական արդյունաբերության խմբի (AIG) կողմից, որը գտնվում է արևմտյան պատժամիջոցների ցանկում: Այդեմիրովի հայտարարությունը ընդունվեց կասկածամտությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հեշտությամբ կարող էր դրանք գնել Ռուսաստանից՝ առանց խախտելու պատժամիջոցները:

Ադրբեջանի համար իրանական ամենացանկալի ռազմական արտադրանքը բալիստիկ հրթիռներն են, որոնք Բաքուն ձգտել է ստանալ 2016թ. սեպտեմբերից, երբ պարզ դարձավ, որ Հայաստանը ձեռք է բերել առաջավոր ռուսական Իսկանդեր հրթիռները: «Պարզ չէ, թե որքանով է Թեհրանը պատրաստ համագործակցել Ադրբեջանի հետ այս ոլորտում [բալիստիկ հրթիռային տեխնոլոգիա]: Երբ խոսքը վերաբերում է իրանական ռազմական արդյունաբերության մնացած ոլորտներին, Ադրբեջանը քիչ է շահագրգռված»,- գրում է ադրբեջանական կառավարամետ Haqqin.az կայքը:

Միևնույն ժամանակ, Իրանի համար Ադրբեջանին սպառազինություն վաճառելը անվտանգության զգալի ռիսկեր է պարունակում` հաշվի առնելով, որ Ադրբեջանը կարող է տեխնոլոգիաները կիսել Իսրայելի հետ: Բացի դրանից, Իրանը հակված չէ Ադրբեջանի կամ Հայաստանի կողմն անցնել, և մինչ օրս որևէ պայմանագրով զենք չի վաճառել նրանցից որևէ մեկին:

Բացի զենքի առևտրից՝ ադրբեջանա-իրանական ռազմական համագործակցությունը կենտրոնանում է պոտենցիալ լարվածությունների թուլացման վրա, քանի որ երկու երկրները պարբերական խախտումներ են ունեցել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային սահմաններում, այդ թվում՝ անօրինական սահմանային անցումներ, որոնք երբեմն հանգեցնում են զինված ընդհարումների:

«Խնդիրները վերաբերում են սահմանի երկայնքով տեղի ունեցած տարբեր տեսակի միջադեպերի կանխմանը,- ասել է ԱՊՀ երկրների Մոսկվայի ինստիտուտի կովկասյան բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը:- Կարևոր է, որ երկու սահմանապահ կառույցների միջև լինի առնվազն ուղիղ հաղորդակցություն, որպեսզի հնարավոր լինի խուսափել միջադեպերի էսկալացիայից»: Այս տեսակի միջադեպերը զգալիորեն նվազել են 2015-ից ի վեր, մասնավորապես` ռազմական համագործակցության պայմանագրի շնորհիվ: Մնում է տեսնել, թե արդյոք երկու կողմերը պատրաստ են հետագա համագործակցությանը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել