Մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը։

Այս տեղեկատվությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Նա մանրամասնեց, որ դեպքը արձանագրվել է գիշերը․ «Նա սրտի շրջանում ցավեր է ունեցել, շտապ օգնություն են կանչել, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ գրանցվել է մահը»։

Հարցին՝ արդյոք մինչ այդ դատապարտյալը գանգատվել է սրտի ցավերից, Ղլեչյանը պարզաբանեց, որ նրան հետևողական բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Այլ մանրամասներ Ղլեչյանը չտրամադրեց՝ նշելով, որ փորձաքննություն է նշանակվելու, որն էլ կպարզի մահվան հանգամանքները։

Մասնագիտությամբ բժիշկ Էդուարդ Գրիգորյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1999թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հարձակման համար։ Այդ օրը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խորհրդարանի դահլիճ ներխուժեցին Նաիրի Հունանյանը և նրա հանցախմբի հինգ անդամներ։ Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

Նկատենք, որ Էդուարդ Գրիգորյանը, ըստ «Ժողովուրդ» թերթի, 2014թ․ նոյեմբերին խոստացել էր բացահայտել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, պատմել այն ամենը, ինչը «երկար տարիներ համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից»:

Մեկնաբանել