Հոկտեմբերի 27-ի 9-րդ մահը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում, սրտի շրջանում ունեցած ցավերից, մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը։ 2014թ. նոյեմբերին նա խոստացել էր բացահայտել ահաբեկչության հանգամանքները, պատմել այն ամենը, ինչը «երկար տարիներ համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից»:

Տուրք չտալով դավադրությունների տեսությանը, այնդուհանդերձ պետք է ընդգծենք, որ Հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված մարդկանց մահացությունները զարմանք են պատճառում: Սա արդեն իններորդ մահն է:

Մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը, ով ահաբեկչության խմբի անդամ էր, 2000թ. օգոստոսի 29-ին էլեկտրահարվեց բանտախցում` դեռևս գործի նախաքննության փուլում: Հանցախմբին զենք վաճառած Եղիազարյանը դատարան չհասավ:

Վռամ Գալստյանը գլխավոր ոճրագործներ Նաիրի և Կարեն Հունանյանների քեռին էր, Նուբարաշենի մեկուսարանում 2004թ. ապրիլի 16-ին նրան հայտնաբերեցին կախված:

Խմբի մեկ այլ անդամ՝ Համլետ Ստեփանյանը, ըստ պաշտոնական վարկածի հանկարծամահ է եղել 2010 թ. մայիսին:

Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը գործով կալանավորված անձանցից մեկն էր, ով ազատ արձակվեց և մահացավ 2004թ. սեպտեմբերի 18-ին՝ ուշքի չգալով մայիսի 28-ին Ապարան-Երևան ավտոմայրուղու վրա պատահած ավտովթարից հետո:

Ռոզա Հովհաննիսյանը գործով անցնող վկաներից էր, ԱԺ նախկին բուժքույր, տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ ավտովթարից մահացավ 2004թ. սեպտեմբերի 1-ին:

Հասմիկ Աբրահամյանը Ազգային ժողովի արձանագրային բաժնի աշխատակցուհի էր, գործով վկա, ինքնասպան եղավ 2004թ.: 45-ամյա Հասմիկին գտել էին կախված` հենց Ազգային ժողովի շենքում:

Հոկտեմբերի 27-ի գործով անցնող, ճիշտ է, անմիջական կապ չունեցող երկու անձինք, երկուսն էլ լրագրողներ ու Նաիրի Հունանյանի հետ նախկինում հարաբերություններ ունեցած, ևս հեռացել են կյանքից:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում՝ ծնողների տանից դուրս գալիս։ Մարդասպանը կրակել է 7 անգամ։ Լրագրողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է:

Հոկտեմբերի 27-ի գործով անցնող առանցքային վկաներից Հ1-ի լրագրող Տիգրան Նազարյանը վախճանվել է 2014-ին ԱՄՆ-ում:

1999թ․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խորհրդարանի դահլիճ ներխուժեցին Նաիրի Հունանյանը և նրա հանցախմբի հինգ անդամներ։ Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

Կարդացեք` Մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալը

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել