Սերժ Սարգսյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետին

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանում «հաջողությամբ կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում» խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում ՀՀ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:

Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է ներկայացրել առավոտյան բացված Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովից և ցուցահանդեսից: Նա ընդգծել է, որ հիացած է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը համարվող Հնդկաստանի հաջողություններով` հատկապես սննդարդյունաբերության բնագավառում գրանցած առաջընթացով և ընդգծել, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար:

Փոխգործակցության ընդլայնման հարցում Սերժ Սարգսյանը և Նարենդրա Մոդին կարևորել են Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը` անհրաժեշտ համարելով հանձնաժողովի նիստերը համալրել նոր, առավել թիրախավորված օրակարգով:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է նպաստավոր պայմաններ ապահովել հնդկական ընկերությունների գործունեության համար:

Սերժ Սարգսյանը նաև հնդկական կողմի ուշադրությունն է հրավիրել Իրանի հետ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի ազատ տնտեսական գոտու վրա, որը ևս կարող է համագործակցության արդյունավետ հարթակ դառնալ: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ըստ ՆախագահՍերժ Սարգսյանի, փոխգործակցության արդյունքում բարեկամ Հնդկաստանին ևս անարգել մուտք կապահովի այդ հսկայական շուկա:

Հանդիպմանն անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային մի շարք ոլորտներում ու տնտեսության առանձին ճյուղերում, ինչպիսիք են օրինակ` ոսկեգործությունը, ադամանդագործությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակման արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, գիտությունը և մշակույթը, փորձի փոխանակում ու ակտիվ համագործակցություն իրականացնելու հնարավորություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին և առկա մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:

Մեկնաբանել