ՏԻՄ ընտրություններ․ համայնքների գերակշիռ մասում ՀՀԿ-ն պահել է իշխանությունը

Նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքների գերակշիռ մասում հաղթել են ՀՀԿ թեկնածուները։ Հանրապետական կուսակցության թեկնածուներ են ընտրվել Ապարանում, Գորիսում, Կապանում, Սիսիանում, Քաջարանում, Ալավերդիում, Ստեփանավանում, Արենիում, Արտաշատում, Լոռու մարզում և այլ համայնքներում:

Ըստ նախնական տվյալների` Գորիսի քաղաքապետ է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանը: Երկրորդ թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ  Սամվել Հարությունյանի օգտին քվեարկել է  56 ընտրող: 163 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Ապարանում ընտրողների ցուցակում ընդգրկված 18 105 ընտրողներից՝ 10 868-ը կողմ է քվեարկել քաղաքապետի միակ թեկնածու, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանին:

Կապան համայնքում 12 538 քվեով ընտրվել է միակ թեկնածու, ՀՀԿ-ական և ՀՀԿ-ից առաջադրված համայնքի գործող ղեկավար Աշոտ Հայրապետյանը: Նրա մրցակիցը ստացել է 5073 ձայն:

Արտաշատում 4571 ձայնով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված Կարեն Բենիամինյանը:

Սիսիանում գրանցված միակ հանրապետական թեկնածուն՝ գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը, վերընտրվել է 10 457 քվեով:

Կոտայքի մարզի Ակունք և Բյուրեղավան համայնքներում հաղթել են ԲՀԿ թեկնածուները: Մնացած համայնքներում ընտրվել կամ վերընտրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության արդեն գործող համայնքի ղեկավարները:

Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քվեարկությանը մասնակցել է 243 335 քվեարկելու իրավունք ունեցողների 50.06 տոկոսը։

Մասնակցության ամենաբարձր՝ 78.33% ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում. այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից 318–ը։

Ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 %, գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում, որտեղ 2522 ընտրողից ընտրությանը մասնակցել է 389 ընտրող:

Ըստ դատախազության հաղորդագրության` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ 47 հաղորդում է ստացվել: