Սամվել Բաբայանի և մյուսների գործի դատաքննությունն ավարտվեց

Սամվել Բաբայանի և մյուսների գործի դատաքննության փուլն այսօր ավարտվեց։ Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Արամ Արամյանը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայությունից մի տեղեկանք, որով կասկածի տակ է դրվում վկա Աշոտ Շուշանյանի ցուցմունքը։ Շուշանյանը հայտարարել էր, թե իրեն ԱԱԾ-ում մի քանի ժամ պահել են, սակայն տեղեկանքում նշված էր, որ նա մի քանի րոպե է եղել ԱԱԾ շենքում։

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, լսելով մեղադրողի պարզաբանումները, հայտարարությամբ հանդես եկավ։ Նա մասնավորապես ասաց, որ ԱԱԾ-ում վկաներին ուղղորդել են, իսկ իրեն սպառնացել, որ նոր քրեական գործ կհարուցեն իր դեմ՝ սպանության հիմքով. «Ուրեմն Էջմիածնում սպանություն է կատարվել 2009թ., ես Սիբիրում էի, ինձ ԱԱԾ-ում ասել են՝ «սպանություն է կատարվել Էջմիածնում, նայիր, եթե դու Սամվել Բաբայանի հետ գործ չունես, էս սպանությունն էլ է քոնը, կվեկալես։ Ես ո՞նց հասկանամ, հիմա Աշոտը երկու ժամ շուտ է դուրս եկել, թե ոչ, ինչ տարբերություն, էնպես որ մի ժամ է պահել, թե տասը ժամ, դա ոչինչ չի նշանակում»։

Լսելով ամբաստանյալին՝ դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց դատաքննության փուլի ավարտի մասին։ Հաջորդ նիստին կմեկնարկի դատական վիճաբանությունների փուլը։

Այսօրվա նիստից հետո Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպան Ավետիս Քալաշյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Բաբայանի նկատմամբ կառուցված մեղադրանքը դատարանում հետազոտված ապացույցներով չի հիմնավորվում։ Ըստ նրա՝ Բաբայանը անմեղ է և պետք է արդարացվի։

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն օժանդակելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա դրդել է մի խումբ անձանց փոխադրել և պահել այդ զենքը։ Բաբայանը մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով կեղծ թղթադրամներ ձեռք բերելու մեջ:

Գործով անցնում է ևս վեց ամբաստանյալ՝ Սանասար Գաբրիելյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Արմեն Պողոսյանը, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը դատարանում հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում։

Մեկնաբանել