«Մոնսանտո»-ից օգտվել-չօգտվելու որոշումն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները․ ԱՄՆ դեսպանատուն

Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը պարզաբանում է տարածել Հայաստանում ամերիկյան «Մոնսանտո» ընկերության արտադրանքի ներկայացման գործում իր դերակատարության վերաբերյալ։ Պարզաբանումը՝ ստորև․

«Որոշ մարդկանց հետաքրքրում է, թե որն է դեսպանատան դերը «Մոնսանտո»-ի արտադրանքի ներկայացման գործում: Ինչպես NEWS.am կայքից (https://news.am/arm/news/419262.html) հանգստյան օրերին ստացված հարցմանն ի պատասխան հայտնել ենք, մեր երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է։ Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կազմակերպվել էր գործարար համաժողով, որը միտված էր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի ամրապնդմանը՝ ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև կապեր հաստատելու և ամերիկյան ընկերությունների կողմից ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները ներկայացնելու միջոցով։ Համաժողովին ներկայացուցիչներ էին գործուղել երկու ամերիկյան ընկերություններ՝ «Վալմոնտը» և «Մոնսանտոն»: Վերջինիս արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից։ Չնայած ագրոբիզնեսի ոլորտի հայկական և ամերիկյան ընկերությունների հանդիպման այս հարթակն ապահովվել էր ԱՄՆ դեսպանատան կողմից, սակայն ամերիկյան ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները և ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները»:

Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվել էր համաժողով, որին դեսպանատան հրավերով մասնակցել էին մի շարք ամերիկյան կազմակերպություններ, այդ թվում՝ «Մոնսանտո» ընկերությունը, որը զբաղվում է օրգանական գյուղատնտեսությամաբ, գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսերի ու պեստիցիդների արտադրությամբ։

Լրատվամիջոցներում և սոցցանցերում «Մոնսանտո» ընկերության շուրջ աղմուկ էր բարձրացել։ Թեմայի շուրջ գրառում էր արել նաև ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ Հայաստանին հորդորելով հեռու մնալ ամերիկյան «Մոնսանտո»-ից։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ավելի վաղ հայտարարել է, որ չի համագործակցում ամերիկյան «Մոնսանտո» ընկերության հետ։

Գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նոյեմբերի 1-ի միջոցառման ընթացքում ներկայացվել են «Մոնստանտո» ընկերության ապրանքները, բարձրացվել են մի շարք հարցեր:

«Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը շեշտադրել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը` նշելով, որ Նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով։ Միաժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ»:

«ԳՄՕ-ից զերծ Հայաստան» ու «Արվաշ Մոնսանտոյի դեմ – Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունները նամակ են հղել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին՝ դեմ արտահայտվելով «Մոնսանտո»-ի կամ ցանկացած այլ ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ) արտադրող ընկերության ապրանքների (սնունդ, խմիչք, դեղամիջոց, պատվաստանյութ, հավելում, անասնակեր և այլն) ներմուծմանը Հայաստան։

Մեկնաբանել