Սովետի կարոտախտ․․․ անգամ Վրաստանում

Վրաստանում մեծացել է սերունդ, որը Խորհրդային Միությունում ապրելու փորձ չունի, սակայն ապրում է այդ երկրի կարոտաբաղձությամբ, փաստում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետազոտությունը։ Թեմային Eurasianet.org կայքում անդրադարձել է հոդվածագիր Գիորգի Լոմսաձեն։

Գոյություն ունի երևույթ, երբ մարդը կարոտում է մի վայր, որտեղ չի եղել։ Սակայն մի քիչ տարօրինակ է, եթե այդ վայրը Խորհրդային Միությունն է: Այնուամենայնիվ, վրացի որոշ երիտասարդներ կարծես կարոտում են այն երկիրը, որը երբեք չեն տեսել:

28 տարեկան կամ ավելի երիտասարդ գրեթե 270 վրացիներ այս տարի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) անցկացրած հարցմանը պատասխանել են, որ 1991թ. Խորհրդային Միության փլուզումը Վրաստանի համար վատ էր: Երկրով մեկ անցկացված հարցման մասնակիցների 11 տոկոսը մարդիկ են, որ որևէ հիշողություն կամ շատ դեպքերում՝ Խորհրդային Միությունում կյանքի փորձ չունեն:

Այս թվերի ետևում գտնվող անհատների որոնումը կանխատեսելիորեն տանում է դեպի Գորի քաղաք՝ Իոսիֆ Ստալինի ծննդավայր և մոլի կոմունիստների հավաքատեղի։

Երիտասարդները քաղաքային զբոսայգում ԽՍՀՄ-ի մասին խոսում են ենթադրյալ պատկառանքով։

«Հիանալի երկիր էր, բոլորը մարդամոտ էին այն ժամանակ»,- ասում է 18-ամյան Կոտեն՝ հենվելով Ստալինի թանգարանի դիմաց գտնվող փայտյա նստարանին։ Թանգարանը երկրի ամենավիճահարույց խորհրդային հուշանվերն է։

«Բոլորն աշխատանք ունեին։ Չկար պատերազմ և աղքատություն»,- իմաստնաբար ավելացնում է Կոտեի ընկերը, ով չի ցանկանում նշել անունը։

«Չենք ուզում «Ռուսթավի 2» դառնալ»,- ավելացնում է նա՝ նկատի ունենալով, որ չի ցանկանում հեռուստատեսությամբ իր տեսակետների համար ամոթանք ստանալ. հատկապես Վրաստանում ամենադիտվող արևմտամետ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությամբ: Ֆոտոխցիկի բացակայությունը չի հանգստացնում նրան:

Կոտեն այնուհետ սկսում է թվարկել Խորհրդային կայսրության բոլոր ենթադրյալ արժեքները, որոնք իրենք՝ հազարամյակների ջրբաժանի սերունդը, չեն տեսել։

«Ծնողներս հացի համար հերթ էին կանգնում 90-ականներին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը… իսկ հիմա ունենք հսկայական չափերի հասնող կոռուպցիա և բռնություն»,- ասում է Կոտեն՝ խուսափելով Ստալինյան բռնաճնշումների ու սննդամթերքի համար երկար հերթերի թեմայից։

Նման տեսակետներ հաճախ կլսեք Գորիում։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավելի հազվադեպ կարելի է հանդիպել ԽՍՀՄ-ի երիտասարդ երկրպագուների, սակայն առավել տարեցներին գտնել դժվար չէ՝ լինի դա տաքսու վարորդ կամ տարեց մտավորական:

56-ամյա դաշնակահար Դալի Կապանաձեն իր որդուն ստիպում է խորհրդային մուլտֆիլմեր դիտել, ինչպիսիք են «Նու, Պոգոդի»-ն և «Կրոկոդիլ Գենա»-ն: «Այս հին, ռուսական մուլտֆիլմերի մեջ ինչ որ սրտաճմլիկ հմայիչ բան կա, և երեխաները սիրով են դրանք դիտում»,- ասում է նա: «Կա նաև ամերիկյան լավ անիմացիա, սակայն դրա մի մասը պարզապես տարօրինակ է… Ընդհանրապես չեմ կարող հասկանալ Սպունգ Բոբի իմաստը»։

Կապանաձեին խորհրդային ֆիլմերը հիշեցնում են «կարգի ու խաղաղության» ժամանակաշրջանը, երբ նրան շրջապատող աշխարհը «իմաստալից էր»։

Որոշ դիտորդներ կարծում են, որ ձգտումը խորհրդային անցյալին պարզապես երիտասարդ տարիների կարոտի արտացոլումն է։

Արևմտամետ վրացիներից շատերը հաճախ իրենց կարոտաբաղձ հայրենակիցներին անվանում են «37 ռուբլու» մարդիկ՝ հղում անելով խորհրդային ժամանակաշրջանի Թբիլիսի-Մոսկվա չվերթի գնին: Որոշ տարեց վրացիներ, հիմնականում տղամարդիկ, դժգոհում են, որ կորցրել են էժան ու հեշտ հասանելի Մոսկվան։

Կան մտահոգություններ, որ Մոսկվան օգտագործում է խորհրդային կարոտախտը՝ փորձելով կանխել նախկին խորհրդային հանրապետությունների՝ Արևմուտքին ինտեգրումը, սակայն խորհրդային անցյալի կարոտը չի խոչընդոտում արևմտյան ապագայի հանդեպ վրացական խանդավառությանը։ ՀՌԿԿ-ի հետազոտությունը պարզել է, որ վրացիների մեծամասնությունը կողմ է իր ժողովրդի՝ դեպի Եվրամիություն ձգտմանը:

Բայցևայնպես, հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը բացասական է: «Խորհրդային Միության փլուզումը բացասական համարող մարդկանց մեծամասնությունը այնուամենայնիվ աջակցում են Վրաստանի ԵՄ անդամ դառնալուն»,- փաստում է հետազոտությունը։

Հետազոտությունը չի մանրամասնում, թե ինչն է ստիպում որոշ վրացի երիտասարդներին աջակցելու անցյալի կայսրությանը, մինչդեռ նրանց ծնողների վարդագույն ակնոցները կարող են բացատրել այդ միտումը: Կոտեն և նրա ընկերը պատմում էին «բուռն աշխատող գործարանների» և զարգացած գյուղատնտեսության մասին:

Այնուամենայնիվ, Եվրամիության կարճաժամկետ վիզաների ազատականացումը և էժան ճանապարհորդության հնարավորությունը վրացի երիտասարդներին այժմ հնարավորություն կտա ավելի հետաքրքիր պատմություններ ունենալ, քան իրենց ծնողները։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել