Նեթանյահուն ընդունել է Նալբանդյանին և գրառում արել Թվիթերում

Պաշտոնական այցով Իսրայելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Իսրայելի Վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Հանդիպման մասին Թվիթերում գրառում է արել Նեթանյահուն՝ նշելով, որ Հայաստանի հետ զարգացնելու են համագործակցությունը տեխնոլոգիաների, կիբեր և տեխնոլոգիաների ոլորտներում։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը փոխանցում է, որ հանդիպումը մեկնարկել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի տեսքով:

Ողջունելով հյուրին՝ Իսրայելի վարչապետը կարևորել է Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել և նշել, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ:

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Նեթանյահուին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում հայ-իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում, և համոզունք հայտնել, որ հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան։

Զրուցակիցները նշել են՝ խորհրդանշական է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում, համոզմունք հայտնելով, որ այն լավ հնարավորություն է անցած ճանապարհը գնահատելու և հարաբերությունների զարգացման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու համար:

«Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ։ Մտքեր փոխանակվեցին երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ: Իսրայելի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը անդրադարձան Երուսաղեմում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը։ Վարչապետ Նեթանյահուն ու նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մերձավորարևելյան զարգացումների շուրջ»,- նշված է հաղորդագրությունում:

Այսօր ավելին վաղ Հայաստանի արտգործնախարարը Երուսաղեմում հանդիպել էր Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակի և Երուսաղեմի հայոց պատրիարքի հետ։

Մեկնաբանել