Հայաստանում պայքարում են ամերիկյան ԳՄՕ-ների դեմ․ Eurasianet-ի անդրադարձը

Վերջերս Երևանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած մի միջոցառման ներկա էին նաև ամերիկյան «Մոնսանտո» ընկերության ներկայացուցիչները։ Այս ընկերությունը, որը գյուղատնտեսության մեջ ներդնում է գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսեր, հակասական համբավ ունի Միացյալ Նահանգներում, և Հայաստան դրա հնարավոր մուտքի շուրջ բուռն քննարկումներ են սկսվել։ Թեմային անդրադարձել է Eurasianet կայքի սյունակագիր Ջոշուա Կուչերան։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հակասություններ է առաջացրել` աջակցելով ամերիկյան ագրոբիզնեսի հսկա «Մոնսանտոյի» գործարար մուտքը Հայաստան։

Նոյեմբերի 1-ին դեսպանատունը խորհրդակցություն էր կազմակերպել Հայաստանի գյուղատնտեսության վերաբերյալ: Միջոցառմանը Հայաստանում բիզնես վարելու նպատակով ներկայացվել էին ամերիկյան երկու ընկերություններ՝ «Մոնսանտոն» և «Վալմոնտը» (ոռոգման սարքավորումների գծով մասնագիտացված ընկերություն)։

«Գյուղատնտեսությունը […] կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 19.6 տոկոսը և զբաղվածությամբ ապահովում Հայաստանի աշխատուժի 36.2 տոկոսին,- միջոցառման բացման ժամանակ ասել է Երևանում ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր ղեկավար Ռաֆիկ Մանսուրը:- Միացյալ Նահանգները նվիրված է մեր երկու երկրների առևտրային հնարավորությունների բարելավմանը և առևտրի ու ներդրումային հարաբերությունների զարգացմանը»:

Սակայն գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների արտադրությամբ հայտնի տխրահռչակ «Մոնսանտոյի» ներկայությունը դժգոհության ալիք բարձրացրեց Հայաստանում և սփյուռքում. նրանք անհանգստացած են, որ երկրի գյուղատնտեսական արտադրանքը կարող է վտանգի ենթարկվել:

«Բավարար չափով ապացույց կա, որ «Մոնսանտոյի» հեղուկացիրները թունավորում են մեր միջավայրը՝ դրանով իսկ նպաստելով մեղուների ոչնչացմանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Սերժ Թանկյանը՝ կոչ անելով Հայաստանին «հեռու մնալ» ամերիկյան կենսաքիմիական հսկայից:

«Երբ ես Հայաստանում եմ և կծում եմ խնձորը, այն մաքուր է, փխրուն ու համեղ, քանի որ հազարավոր տարիների գյուղատնտեսության և մշակության արդյունքն է: Թող մնա այդպես, խնդրում եմ: «Մոնսանտոյի» շնորհիվ ԱՄՆ-ում այդպիսի խնձոր չեմ կարող գտնել»:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Twitter-ում հարցում էր անցկացրել, որում հնչում էր հետևյալ հարցը՝ «Արդյոք Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պե՞տք է խթանի @MonsantoCo-ի արտադրանքը Հայաստանի ֆերմերների համար»: Հարցվածների 84 տոկոսը քվեարկել է ոչ։

Հայաստանի ակտիվիստները նաև նամակ են ուղղել Հայաստանի կառավարությանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին՝ ներկայացնելով իրենց առարկությունը երկրում «Մոնսանտոյի» բիզնես գործառնությունների ընդլայնմանը:

Հայաստանը ԳՄՕ-ի արտադրությունը արգելել է երկու տարի առաջ, սակայն գենետիկորեն ձևափոխված տարրեր պարունակող սննդամթերքի ներմուծումը թույլատրվում է, եթե ապրանքը նշված է որպես այդպիսին: Շուկան անպաշտպան է նման ապրանքների վաճառքից:

Վերջին հարցազրույցում ԱՊՀ երկրներում «Մոնսանտոյի» վաճառքի գծով մենեջեր Ալեքսանդր Զվյագինզևը լրագրողներին հավաստիացրել է, որ ընկերությունը չի պատրաստվում իր հայ գործընկերներին առաջարկել աշխատել գենետիկորեն ձևափոխված այնպիսի արտադրանքների հետ, ինչպիսիք սերմերն են։ Զվյագինցևը պնդում է, որ ընկերությունը թույլ չի տալիս նման ապրանքների օգտագործումը այն երկրներում, որտեղ դա արգելված է:

Այնուամենայնիվ, ընկերությունը 20 տարի է, ինչ վաճառում է սերմեր և դրանք խորհուրդ տալիս հայ ֆերմերներին։

ԱՄՆ դեսպանատունը արձագանքեց հակասություններին՝ ասելով, որ հայ ֆերմերները ազատ են «Մոնսանտոյի» հարցում իրենց քայլերում։ «ԱՄՆ դեսպանատունը տրամադրել է հարթակ՝ ամերիկյան և հայկական ագրոբիզնեսների հանդիպման համար, սակայն որոշումը, թե որ ապրանքներն ու ծառայությունները կօգտագործվեն, եթե այդպիսիք լինեն, ի վերջո մնում է Հայաստանի ֆերմերներին և ագրոբիզնեսներին»:

«Մոնսանտոն» վաղուց արդեն ներքաշված է հակասությունների մեջ։ Սեպտեմբերի 28-ին կազմակերպության լոբբիստներին արգելվել էր մուտք գործել Եվրոպական խորհրդարան. նրանք մեղադրվում են, որ միջամտել են դաշտը կարգավորող հետազոտությունների իրականացմանը: Լոբբիստական արգելքը թույլ կտա սահմանափակել «Մոնսանտոյի» քարոզարշավը՝ գլիֆոստատի վերալիցենզավորման վերաբերյալ այս տարի կայացվելիք որոշման շեմին։ Գլիֆոստատը Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների պանելի կողմից համարվել է քաղցկեղածին։

Ընկերությունը ԵՄ թափանցիկության գրանցամատյանի իր հայտարարագրում հայտնում է, որ տարեկան 340 000 – 460 000 ԱՄՆ դոլար է ծախսում է Բրյուսելում լոբբիստական գործունեության համար։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի