Սահմանադրական դատարանը հակասահամանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած նիստերը։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որն առնչվում է ավագանու նիստի իրավազորությանը, հակասահամանադրական ճանաչվեց Սահմանադրական դատարանի կողմից։
Դատարան էին դիմել Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների 26 պատգամավոր, որոնք խնդրել էին հակասահմանադրական ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մի շարք դրույթներ, ինչպես նաև Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի որոշումները։
Դատարանը հակասահմանադրական ճանաչեց 64-րդ հոդվածի 3-րդ մասը, որը սահմանում է, որ «ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ»: Այս դրույթը ուժը կկորցնի 2018թ․ մարտի 31-ից։
Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը՝ դատարանի կողմից հրապարակված իրավական դիրքորոշումների շրջանակներում։ 4-րդ մասը սահմանում է, որ «ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով»:
Սահմանադրությանը համապատասխանում է նաև օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, որը վերաբերում է կառավարության կողմից ավագանու լիազորությունները դադարեցնելու հիմքերին։
Վանաձորում 2016թ․ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում իշխող ՀՀԿ-ի թեկնածուն և նրան սատարող ՀՅԴ-ն միասին ստացել էին 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին՝ 18 մանդատ։ Չնայած վերջին երեքը համաձայնել էին աջակցել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, ավագանու 2016թ․ հոկտեմբերի 10-ին կայացած առաջին նիստին փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ ՀՀԿ-ին չէր հաջողովում քաղաքի կառավարումը բնականոն հունի մեջ դնել, քանի որ քաղաքի ավագանում փոքրամասնություն ունենալու պատճառով չի կարողանում ավագանու նիստեր գումարել:
Լուսանկարը՝ Վահան Աբրահամյանի