Հայաստանը չի հրաժարվում դեպի Իրան երկաթուղու գաղափարից

Հայաստանի կառավարությունը չի հրաժարվում դեպի Իրան երկաթուղի կառուցելու մտքից, որի մասին դեռ 2008թ․ հայտարարել էր Սերժ Սարգսյանը: 2012թ․ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարոթյունը օֆշորային Դուբայ քաղաքում գրանցված «Ռասիա ՖԶԷ» անունով ընկերության հետ սկսեց բանակցություններ ու ստորագրեց պայմանագիր: Երկաթուղի կառուցելու ծրագիրի կոնցեսիոն կառավարիչ դարձավ «Ռասիա ՖԶԷ»-ն: Նոյեմբերի 9-ին Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները, ժամկետները, ուստի Հայաստանը պատրաստվում է կառուցել երկաթուղին՝ «Ռասիա ՖԶԷ»-ից անկախ:

«Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «Ռասիա ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը: Հաշվի առնելով վերոնշյալը և ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «Ռասիա ՖԶԷ»-ից անկախ»,- նշված է նախարարության հայտարարությունում:

Դեռ այս տարվա հունվարին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՍիվիլՆեթին տեղեկացրել էր, որ հանդիպելու է «Ռասիա ՖԶԷ»-ի ղեկավարության հետ: Հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկատվություն այդպես էլ չեղավ:

«Ռասիա ՖԶԷ» ընկերության մասին տեղեկությունները սակավ են: Ընկերության տնօրենը Ջոզեֆ Բորկովսկին է, ով հանդիպումներ է ունեցել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Նա հրաժարվել էր լրագրողներին մանրամասնել, թե ինչքան է «Ռասիա ՖԶԷ»-ի կապիտալը: Բացի օֆշորային Դուբայից, այս ընկերությունը գրանցված է մեկ այլ օֆշորային գոտում՝ Կայմանյան կղզիներում: Այս ընկերությանը իրավաբանական օգնություն տրամադրել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Հայկ Հարությունյանը:

Նոյեմբերի 2-ին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր Իրանի հետ երկաթուղի կառուցելու ծրագրին.

«Տեսեք, Իրան-Հայաստան երկաթգիծը կկառուցվի թե չի կառուցվի․ դա պետք է դնել կշեռքին և հաշվարկել, եթե երկաթգիծը կառուցվի՝ ծառայության ինչպիսի գին կլինի, ինչ ծավալով մենք կարող ենք այնտեղ ծառայություն մատուցել, և եթե, օրինակի համար, լինի ավտոճանապարհ՝ թունելով ծառայության գինն ինչպիսին կլինի, քանի որ դա պետք է լինի բիզնեսի առումով տրամաբանական, որ փոխադրողն այլ ճանապարհ ընտրի: Համաձա՞յն եք: Ինքնանպատակ չէ դա: Այդ իսկ պատճառով Իրանի հետ մեր համագործակցությունը, հոսքերի ավելացումը, Հյուսիս- հարավը, ազատ տնտեսական գոտին… Երբ այդ ինդիկատորները հայտնվեն, և մենք կարողանանք այդ շուկան ապահովել, մենք կքննարկենք՝ դա կլինի երկաթգիծ, թե այլ ճանապարհ»,- հայտարարել էր վարչապետը:

Այս տարվա փետրվարին ՍիվիլՆեթը հրապարակել էր հետաքննություն՝ Իրանի հետ երկաթուղու կառուցման ծրագրի մասնրամասների մասին՝ դրանում ներգրաված կազմակերպությունների, բյուջեից հատկացված միջոցների մասին:

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել