Պաշտպանության նախարարությունն (ՊՆ) արձագանքել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի տարկետման մասին փաստաթղթերը ոչնչացված են:
«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցման պատասխանը տրվել է բոլոր հիմնավորումներով, օրենսդրական հիմքերով և դեռ մեկ շաբաթ առաջ։ Այնտեղ հստակ նշված են բոլոր այն հիմքերը, որոնց համաձայն պահեստազորի որևէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո:
Ավելին, մշտական չեն պահվում անգամ պահեստազորային շարքայինների գործերը, դրանք վերացվում են սահմանված ժամկետի լրանալուց հետո: ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի սպայական հաշվառումից հետո նրա շարքայինի անձնական գործը ոչնչացվել է, ինչպես մեր ԶՈւ-երի բոլոր սպաներինը: Պահեստազորի սպան ունի սպայական գործ, որը պահպանվում է ըստ կարգի: Զարմանալին այն է, որ պատասխանը եղել է մեկ շաբաթ առաջ, ավելին այն նամակով հրապարակվել է մամուլում, իսկ պարոն Փաշինյանը նոր է անդրադառնում թեմային»,- ֆեսյբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
>
Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը զինվորական կոմիսարին գրություն էր ուղարկել, պահանջելով փաստաթղթերը, որոնց հիմքով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 1993 թվականի զորակոչից տարկետում է ստացել, սակայն վերջինիս տեղեկատվություն չի տրամադրվել:
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել՝ փաստերի ոչնչացված լինելու պատճառով:
«Նոյեմբերի 1-ին տեղեկացրել էի, որ ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղարկել, պահանջելով ինձ տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել։
Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին։ Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետև ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ՝ այդ փաստաթղթերը ոչնչացվել են։
Հիշեցնեմ, որ հարցումն ուղարկել էի այն բանից հետո, երբ հրապարակային կասկածներ էին հնչել, որ 1993 թվականին Վիգեն Սարգսյանը ապօրինի կերպով զորակոչից խուսափել է»,- գրել էր նա։