Հայաստանի դեսպանն Իրանում քննարկել է գործակցությունը ՏՏ ոլորտում

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այսօր հանդիպել է Իրանի կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին, այս մասին հաղորդում է արտաքին գործերի նախարարությունը:

Դեսպան Թումանյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Իրանի արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի կապակցությամբ:

«Զրուցակիցները քննարկել են նաև հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-իրանական համագործակցության խնդիրները:

Հաշվի առնելով համատեղ իրականացվող ծրագրերը՝ կողմերը նշել են, որ երկու երկրներն էլ ունեն մեծ ներուժ և համագործակցության լայն հնարավորություններ:

ՀՀ դեսպանն առաջարկել է քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական և իրանական ընկերությունների մասնակցությամբ 2018թ. Թեհրանում գործարար համաժողով անցկացնելու հարցը:

Նախարար Ջահրոմիի կողմից վերը նշված առաջարկությունը հավանության է արժանացել և վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցել դրա կազմակերպմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել