«Տաշիրը» հայտարարել է Հայաստանում $1 մլրդ ներդնելու մասին

Ռուսաստանաբնակ միլիարդատեր «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում ավելի քան 1 մլրդ դոլար ներդրումներ կատարելու մասին:

Նոյեմբերի 13-ին Երևանում կայացել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացումը, որը «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդի նախագծերից մեկն է, ասված խմբի տարածած հաղորդագրությունում: Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը կոչված է աջակցելու Հայաստանի տնտեսության բազմակողմանի զարգացմանը: Ներկայացման շրջանակում «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումներ կատարելու մասին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը։
Ծրագրի ներկայացման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն «Տաշիր» ընկերության, ՀԷՑ-ի և ֆինանսական գործընկերների միջև:

«Տաշիրի» տարածած հաղորդագրության համաձայն՝ էներգետիկայի ոլորտի ներդրումային ծրագիրը ներառում է երեք ուղղություն՝ ներդրումներ բաշխիչ ցանցերում և հիդրոէներգետիկայի բնագավառներում:

Մոտակա տասը տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը 2015-ից մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, մինչեւ 900 մլն դոլարի միջոցներ կուղղի Հայաստանի ներկայիս էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ: Ծրագրի իրագործումից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

Այս ծրագրի ֆինանսավորման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2016-ից վարել է բանակցություններ միջազգային առաջատար ներդրումային բանկերի հետ: Այսօր ստորագրված են պայմանագրեր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ընդհանուր գնահատմամբ 160 մլն դոլարի ներգրավման նպատակով: Ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր Եվրասիական զարգացման բանկի հետ՝ 100 մլն դոլարի ներգրավման նպատակով: Բացի այդ, շարունակվում են բանակցություններն ֆինանսական այլ կառույցների հետ՝ մոտակա տարիների ընթացքում ֆինանսական այլ միջոցներ ներգրավելու նպատակով:

Դեռ 1970թ. մշակված և 1998թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակություն այս ծրագիրը ներդրումների բացակայության պատճառով մինչ օրս չէր իրականացվել:

Դեբեդ գետի վրա կկառուցվի խոշոր հէկ

Նախատեսվում է կառուցել հիդրոէլեկտրակայան: Սա թույլ կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ-ի փոխարեն ստանալ մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝ էլեկտրաէներգիայի տարեկան մինչև 460 մլն կՎտժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի 5-6%-ը: Կայանը նախատեսվում է կառուցել Լոռու մարզում՝ Դեբեդ գետի հյուսիսային մասում. ընդհանուր բյուջեն կկազմի մինչև 200 մլն դոլար:

Ծրագրում իր մասնակցությունը կունենան ամերիկյան Ռոբբինս ընկերությունը և Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան։

Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո Շնող ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն չորս տարվա ընթացքում:

Այսօր տեղի է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի մեկ այլ կառույցի՝ ՌԻՈ առևտրի կենտրոնի բացումը Երևանի Արաբկիր թաղամասում։

Մեկնաբանել