ԱԺ-ն ընդունեց տարկետման իրավունքը սահմանափակող օրենքը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջապես ընդունեց Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է տարկետման իրավունքի սահմանափակում։ Կողմ քվեարկեցին 86 պատգամավորներ, դեմ 6-ը, որոնք ԵԼՔ խմբակցությունից էին։

Մինչ քվեարկությունը ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։ Նա հայտնեց, որ 120 գիտաշխատողներ ու դասախոսներ միացել են ուսանողների պահանջին։ Նա հիշեցրեց, որ չորս ուսանողներ հացադուլ են անում։ Միրզոյանն առաջարկեց դեմ քվեարկել, լրամշակել նախագիծը և նոր միայն քվեարկել։

Արդեն 7-րդ օրն է, ինչ ուսանողները դասադուլ են անում նշված նախագծի ընդունման դեմ։ Այս նախագծով տարկետումը պահպանվում է, սակայն ուսանողը պետք է սովորելուց հետո ծառայի զինված ուժերում՝ որպես սպա։

Նախագիծը դեռ պետք է ստորագրի ՀՀ նախագահը, որից հետո այն ուժի մեջ կմտնի։

Ասպիրանտուրայում սովորողների տարկետումը, ըստ նախագծի պահպանվում է մինչև 2020թ.։

Մեկնաբանել