Ընտանեկան բռնության մասին օրենքը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտարարել է, որ ընտանեկան բռնության մասին օրենքը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Հայտարարությունը ստորև.

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից տեղեկացանք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի անվանումը փոխվել է։

Այժմ օրենքի նախագիծը հանդես է գալիս «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ։

Դեռևս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որևէ սահմանում չունի և հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձևակերպումների հետ։

Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական և մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ։

Այժմ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբաններն ուսումնասիրում են նախագծում տեղ գտած փոփոխությունները, և շուտով մենք մանրամասն անդրադարձ և իրավական գնահատական կհնչեցնենք՝ ամեն փոփոխված դրույթի վերաբերյալ։

Մինչ այդ, որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող հասարակական հիմնական մասնագիտացված կառույց, ՀՀ կառավարությունից և ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում ենք․

Ա․ Վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից և համապատասխանում՝ ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձևակերպմանը։

Բ․ Զերծ մնալ օրինագծում՝ մարդու իրավունքներին և միջազգային իրավական նորմերին հակասող, օրինագիծը խեղաթյուրող փոփոխություններ իրականացնելուց։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

Մեկնաբանել