«Հայկական Վերածնունդը» Վանաձորում միանում է ՀՀԿ-ին, քննադատում նախկին գործընկերներին

Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցությունը (ՀՎԿ) դատապարտում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունները կապված ՀՎԿ-ՀՀԿ համագործակցության հուշագրի ստորագրման հետ: Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք մտադիր են կյանքի կոչել վանաձորցիներին տված խոստումները:

Նոյեմբերի 19-ին Վանաձորում ՀՀԿ-ն և ՀՎԿ-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին` «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդ»-ը կստանա քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

ՀՎԿ խմբակցության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վանաձորի ՀՎԿ խմբակցությունը վճռականորեն դատապարտում է «Լուսավոր Հայաստան » կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունները ՀՎԿ-ՀՀԿ տեղական կառույցների միջև նոյեմբերի 19-ին ստորագրված հայտարարության առնչությամբ։

Ավելի քան 1 տարի շարունակ Մարուքյանն իր եղբոր սեփական շահերը սպասարկելու նպատակով, օգտագործելով իր ազդեցության տակ գտնվող մի շարք լրատվամիջոցների, սպառնալիքներով և շանտաժով անձնական- «քաղաքական» գործընթաց է նախաձեռնել ՝ նպատակ հետապնդելով բացառապես լուծել անձնական ու ազգակցական խնդիրներ։

Այսօր՝ ավելի քան մեկ տարի անց, հայտնի քվեարկությունից հետո,երբ ՀՎԿ խմբակցությունն իր պատգամավորներով սատարեց Քրիստ Մարուքյանին, ոչ միայն քաղաքական գործընկերություն, այլև տարրական մարդկային երախտագիտության դրսևորում չցուցաբերվեց վերջիններիս կողմից, այլ ընդհակառակը՝ իր ազդեցության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների կողմից, որտեղ տաքուկ տեղավորվել են իրենց ազգականները, պարբերաբար շահարկեցին , որ ձեռք բերված քաղաքական համաձայնության խախտողները հենց ՀՎԿ խմբակցության անդամներն են եղել՝ երկու եղբայրներով պարբերաբար «ինտերվյուներ տալով»։

Նման գործելաոճը դատապարտելի է և քաղաքական, և բարոյական առումով։ Այսօր էլ, մեկ տարի անց շարունակվում է նույն ցինիկ, շանտաժով լեցուն , կեղծ և լկտի գործելաոճը։ Իշխանության ջանքերով դեռևս նախորդ խորհրդարանում հայտնված, ապա նույն իշխանության ջանքերով այս գումարման խորհրդարան մտած այդ կուսակցության ներկայացուցիչները գառան դիմակով «գայլուկներ» են դարձել՝ իրենց հայտարարելով Վանաձորի «ընդդիմադիրներ»՝ չմոռանալով իրենց ազգականներին տեղավորել ՀՀԿ ավագանու ցուցակներում։ ՀՎԿ ավագանու խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը և հայտարարում, որ խմբակցությունը միշտ գործել է բաց, շիտակ և հրապարակային։

Մեկ տարի առաջ խմբակցությունը քվեարկել է միաձայն ՝ համաձայն ստորագրված հուշագրի, մինչդեռ, իրենց իսկ խոսքով դավաճաններին, լավ կլինի իրենք փնտրեն իրենց շարքերում։ Վստահ ենք, որ առաջիկա քաղաքական գործընթացները կբացահայտեն դա։

Այսօր, մեկ տարի անց, երբ կազմալուծվել է Վանաձոր քաղաքի բնականոն գործունեությունը և անտեսվել են Վանաձորի բնակիչների խնդիրները, քաղաքում ձևավորվել է անառողջ մթնոլորտ , մենք՝ վանաձորցիների ավելի քան 20 տոկոս քվեն ստացած ավագանիներս, չենք կարող պրիմիտիվ քաղաքական շանտաժի հետևանքով հրաժարվել մեր քաղաքացիներին տրված խոստումներից և շարունակել այս անորոշ և երերուն գործընթացը։ Մենք գնում ենք մեր նախընտրական ծրագրերը կյանքի կոչելու ու վանաձորցիներին տրված խոստումները կատարելու՝ ստանձնելով Վանաձորի կառավարման համատեղ պատասխանատվությունը՝ մշտապես լինելով բաց, թափանցիկ և հաշվետու հասարակության առջև։

Վանաձորի ՀՎԿ խմբակցության ղեկավար Կարեն Դավթյան»։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը հակասահամանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած նիստերը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պնդում է, որ Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ։

Վանաձորում 2016թ․ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում իշխող ՀՀԿ-ի թեկնածուն և նրան սատարող ՀՅԴ-ն միասին ստացել էին 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին՝ 18 մանդատ։ Չնայած վերջին երեքը համաձայնել էին աջակցել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, ավագանու 2016թ․ հոկտեմբերի 10-ին կայացած առաջին նիստին փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ ՀՀԿ-ին չէր հաջողովում քաղաքի կառավարումը բնականոն հունի մեջ դնել, քանի որ քաղաքի ավագանում փոքրամասնություն ունենալու պատճառով չէր կարողանում ավագանու նիստեր գումարել:

Մեկնաբանել