Թոխմախի «հերոսները»

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը ամբողջ հայ ժողովրդի ցանկությունն ամփոփել է մեկ նախադասության մեջ՝ բոլորիս ցանկությունն է, որ շատ դղյակներ կառուցվեն, բայց ուսումնասիրվի՝ այդ միջոցները համապատասխանու՞մ են դղյակներին: Ովքե՞ր են այդ բոլորը:

Հավանաբար էս երկրում բոլորն ուղիղ համեմատական են նրանց, ովքեր «ուսումնասիրում» են էդ դղյակների օրինականությունը: Եվ երբվանի՞ց Հայաստանը դարձավ հենց այնպես «բլթացնելու» էպիկենտրոն: Ո՞վ ասաց, որ բոլորիս ցանկությունն է դղյակներ կառուցել: Նախ՝ ինչու՞ բոլորս պետք է նույն ցանկությունն ունենանք: Հատկապես որ մեր աշխատավարձերը դղյակի մեկ քարին էլ չեն հերիքի: Հայաստանում օրինական դղյակ չկա: Դրանց ծագումը ոչ ոք հորով-մորով չի արել: Հայաստանում դղյակները կառուցել են հենց մեզանից առանձնանալու համար՝ ի հեճուկս մեզ, որոնք կոյուղաջրերով բորբոսնած նկուղի փող էլ չեն կարող ունենալ: Ես ի՞նչ եմ ապացուցելու դղյակ ունենալով՝ միայն մեկ բան՝ թքած ունեմ մյուսների վրա: Որովհետև հենց դա է դղյակի էությունը:

Մի կիսահոդաբաշխ մեկը լինելու՞ է իշխանության մեջ, որ հասկանա, որ Հայաստանի խնդիրը օրինականությունն է: Օրինականության վրա դղյակներ չեն կառուցվում, դղյակները կառուցվում են միայն որպես օրինականության վրա դրվող գերեզմանաքար: Շատ ուշ է, չափազանց ուշ է օրինականությունից խոսելու համար: Հիմա միայն հնարավոր է խոսել դղյակներից, այսինքն, գերեզմանոցից, որպիսին է Մոնումենտի այգին: Դա ձեր՝ հարուստների Թոխմախի գերեզմանոցն է: Որովհետև գերեզմանոցները չեն հայտարարագրվում: Գերեզմաններն իհարկե մի առավելություն ունեն ձեր դղյակներից՝ դրանք կորցնել հնարավոր չէ, սակայն ընդհանուրն այն է, որ կարելի է ոչնչացնել:

Դո՛ւք՝ հանրապետականներդ, դղյակներ եք կառուցում գողի հոգեբանությամբ: Երևան-Աշտարակ ճանապարհին փայտի բիզնեսով զբաղվող մեկն ընդհանրապես մի հունական Պանթեոն է կառուցել: Նայում ես ու մտածում՝ էս մարդը մահից գաղափար ունի՞: Դուք գերեզմաններ եք կառուցում առանց մահից գաղափար ունենալու: Դրանք դղյակներ կլինեին Եվրոպայում, որտեղ փողը պետության և քաղաքացու աչքի առաջ է ծավալվում: Իսկ այստեղ բոլորը գողացված փողեր են, բոլոր դղյակները բացառապես: Դուք մեզ երեխայի տե՞ղ եք դնում: Պետք չէ այսուհետև օրինականության մասին խոսել: Օրինականությունն արդեն հիշատակ է, որը երբևէ չի էլ ապրել: Դուք ձեզ մեր տեղը դրեք՝ օրինականություն չկա, բայց գողանալու, սպանելու և ձեզ Հայաստանից սրբելու լիազորություն չունի ոչ մեկը: Ընտրություններին նույնիսկ դարձանք ձեր գործակիցը, այսինքն, գողեր: Դուք նույնիսկ ազնիվ գողեր չեք, որոնցով լցված են մեր բանտերը:

Ամենասարսափելին, սակայն, ձեր կոթողային գերեզմանները չեն Մոնումենտում, ամենասարսափելին դուք եք, որովհետև էդ «կոթողները» կարելի է քանդել, բայց ձեր պատճառով մենք չենք կարող մարդասպան լինել, դա պետության ներկայացուցչի վարք չէ: Ձեր զենքը մենք ենք՝ մահն իր բնությամբ ընկալողներս: Հենց մեր վրայով եք կառուցում ձեր գերեզմանները: Դրանց ճարտարապետությունն անգամ ասում է, որ դուք գերեզմանոցային հոգեբանությամբ հարուստներ եք, այդպիսի ճարտարապետություն Երևանում չկա: Ոչ մի կառույց մայրաքաղաքի հետ չի խոսում, ահա ինչու դրանց դղյակներ եք ասում: Ուրիշ ինչպե՞ս առանձնանաք: Գնացեք Եվրոպա և տեսեք, թե ում դղյակն է առանձնանում քաղաքից: Դուք շտապում եք տարբերվել նույնիսկ մայրաքաղաքից: Որովհետև դուք ի հեճուկս պետության եք կանգնեցրել դրանք: Ձեր միակ առավելությունն այն է, որ անհանգիստ խիղճ չունեք: Ու հենց դրանով է չափվում վաղվա Հայաստանը՝ ավելի վատ է լինելու նրա համար:

Մեկնաբանել