Իվանիշվիլին 1 միլիարդ եվրո է հատկացնում համալսարանական քաղաք կառուցելու համար

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է հատկացրել Քութայիսիում համալսարանական համալիր կառուցելու համար, որտեղ կուսանի 60 000 ուսանող։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Իվանիշվիլին։

Քութայիսիի համալսարանական համալիրի շինարարությունը իրականացվում է խորհրդարանական քաղաքում՝ Իմերեթիի շրջանում: Համալիրը կառուցվում է 140 հա հողատարածքի վրա և նպատակ ունի դառնալ տարածաշրջանում առաջին խոշորագույն կրթական կենտրոնը, որը համալրված է ժամանակակից լաբորատորիաներով և ենթակառուցվածքներով:

Համալսարանական քաղաքը կներառի կրթական և գիտական տարածքներ, լսարաններ, գերժամանակակից լաբորատորիաներ, գիտաժողովների դահլիճներ, գրադարաններ, հանրակացարաններ ուսանողների և դասախոսների համար: Կլինեն նաև կինոթատրոններ, հանգստյան ակումբներ, սրճարաններ, սպորտային ենթակառուցվածքներ` ֆուտբոլի և ռեգբիի, մինի ֆուտբոլի մարզադաշտեր, թենիսի կորտեր, բասկետբոլային հարթակ, լողավազան։

Համալսարանում հիմնականում դասավանդվելու են տեխնոլոգիական և տեխնիկական գիտություններ: Նախատեսվում է, որ Քութայիսի առաջին ուսանողական հոսքը տեղի կունենա 2019թ․:

Հայտնի է, որ Մյունխենի տեխնիկական համալսարանի մասնագետները կօգնեն վրացի գործընկերներին Քութայիսիի համալսարանական համալիրի զարգացման գործում: Գերմանացի մասնագետները խորհրդակցություններ կանցկացնեն նաև վրացի ճարտարապետների հետ՝ համալսարանական համալիրում ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու համար:

Լուսանկարում՝ տեսարան Քութայիսիից

Մեկնաբանել