Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովներին:

Ինչպես հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ:

***

Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին նախատեսվում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրումը։

Հոկտեմբերի կեսին Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակել է Եվրոպական Միության հետ ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը։ Փաստաթուղթը՝ հայերեն տարբերակով՝ հավելվածներով, բաղկացած է մոտ 400 էջից։

Վերջին ամիսներին քաղաքագիտական շրջանակներում և լրատվամիջոցներում շահարկվում է հարցը, թե արդյոք առաջիկա գագաթաժողովին տեղի կունենա ԵՄ-Հայաստան նոր փաստաթղթի ստորագրումը։

Հոկտեմբերի վերջին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, պատասխանելով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին, հայտարարել է, որ «համաձայնագիրը կստորագրվի Հայաստանի հետ, դրանում կասկած չկա՝ կամ գագաթաժողովի ժամանակ, կամ այդ նույն ժամանակահատվածում»։

ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ակնկալում են, որ համաձայնագիրը կստորագրվի։ Նրանք նշում են, որ այս քայլին գնալ իշխանությանը թելադրել է հենց նույն քաղաքացիական հասարակությունը, որը սակայն ներկայում մեկուսացած է գործընթացից։

Մեկնաբանել