«Բիլայնը» (ապրանքանշանը՝ BeeLine), հնարավոր է, ձեռք բերի Հայաստանում լայնաշերտ ֆիքսված ինտերնետի ծառայություններ մատակարարող «Ռոստելեկոմ» ընկերությունը։ Գործարքը կայանալու դեպքում «Բիլայնը» լայնաշերտ ֆիքսված ինտերնետի ծառայությունների ոլորտում կսկսի մրցակցել բջջային մյուս օպերատորի՝ «Յուքոմի» հետ։
ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ «Բիլայնում» ասացին, որ չեն մեկնաբանում «Ռոստելեկոմը» գնելու վերաբերյալ հրապարակումները։
Ուշագրավ է, որ այս լուրերի հրապարակմանը զուգահեռ Հայաստանում են BeeLine բրենդի մայր ընկերության «ՎԵՈՆ»-ի ղեկավարները, որոնք հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանին։ Պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չի նշվում այցի բուն նպատակի մասին։
B4b.am կայքը գրել է, որ «Բիլայնը» գնային խոշոր առաջարկ է արել «Ռոստելեկոմ»-ին և, ըստ տարբեր լուրերի, գործարքը կարող է կայանալ նոյեմբերի վերջին։
«Բիլայնի» հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Նազարյանը ՍիվիլՆեթին ասաց, որ չեն մեկնաբանում ասեկոսեները և հավելեց․ «Նման բանակցությունները տեղական մակարդակով չեն լինում, դա կարող է մեկնաբանել մայր գրասենյակը»։
«Ռոստելեկոմի» մամուլի խոսնակ Սիրանույշ Գյուրջինյանը ևս մեկնաբանություն չտվեց հնարավոր վաճառքի շուրջ բանակցությունների լուրերին։
Itel.am կայքը նույնպես գրել է, որ ներկայում BeeLine-ը խորացված «Բիլայնը» ուսումնասիրություն է անցկացնում «Ռոստելեկոմում»՝ այն գնելու նպատակով։
Վերջին տարիներին բջջային օպերատորները էական կորուստներ են կրել՝ OTT (over the top) հավելվածների աճի ու տարածման արդյունքում։ OTT հավելվածներից են, օրինակ, Viber-ը, WhatApp-ը, Skype-ը, որոնք ունեն ձայնային ու տեսաձայնային հնարավորություններ։ Այս տարվա առաջին կեսին Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է 66 մլրդ դրամ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 7.7 տոկոսով։
Հեռահաղորդակցության ոլորտի հասույթը անկումային է 2013-ից ի վեր։ Եթե 2013թ․ այդ ոլորտի հասույթը կազմում էր 173 մլրդ դրամ, ապա տարեցտարի նվազելով՝ անցյալ տարի այն հասել էր 143 մլրդ-ի։
Սրան զուգահեռ՝ հեռահաղորդակցության ոլորտի երեք խոշոր օպերատորները՝ «Ղ-Տելեկոմը» («ՎիվաՍել-ՄՏՍ»), «Բիլայնը» և «Յուքոմը» նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերի ծավալները։
Մկրտիչ Կարապետյան