Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին, թե որտեղ է տեսնում իրեն 2018-ից հետո։
«Ազատություն» ռադիոկայանը Բրյուսելում ճեպազրույց է ունեցել Սարգսյանի հետ և հարց ուղղել, թե որտեղ է նա իրեն պատկերացնում 2018-ից հետո և արդյոք շարունակելու է մնալ Հայաստանի ղեկավար։
«Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Երբ որ պատկերացնեմ, այդ ժամանակ կհայտարարեմ»,- պատասխանել է Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը Բրյուսելում այսօր մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովին, որտեղ նախատեսված է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։
Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը լրանում է 2018թ․ ապրիլին։ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունից և խորհրդարանական կառավարման անցնելուց հետո նա հնարավորություն ունի շարունակել երկրի ղեկավարումը որպես վարչապետ։
Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի